Բաժիններ՝

Էներգիայի թանկացումը ռիսկի տակ է դնելու փոքր բիզնեսի գործունեությունը

Եթե մինչև վերջերս էլեկտրաէներգայի թանկացման մասին խոսակցություններն անդեմ էին, ապա վերջին օրերին այս մասին սկսել են խոսել նաև որոշ պաշտոնյաներ և կազմակերպությունների ղեկավարներ: Այս հարցի հետ կապված ամենաթարմ տեսակետը հնչեցրեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ հաստատելով էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող բարձրացման մասին տեղեկությունները:

Տնտեսական ներկայիս իրավիճակում թանկացումը նշանակում է՝ ևս մեկ հոգս՝ սպառողի ուսերին: Սպառողը ստիպված է լինելու առաջացած տարբերության համար կրճատել այլ անհրաժեշտ ծախսեր, քանի որ այս իրավիճակում աշխատավարձերի կամ սոցիալական վճարների փոփոխություն, ինչպես երևում է ընդհանուր տրամադրություններից, չի սպասվում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ այս հարցը պետք է դրվի հանրային քննարկման, սակայն այս պահի դրությամբ ինքը որևէ նման քննարկման, հանդիպման ներկա չի գտնվել:

«Էներգիայի թանկացման մասին ամենաբարձր մակարդակով զրույցներ են լինում, ոչ թե հիմնավորումներ, որոնք ավելի շատ հիշեցնում են բամբասանքներ։ Պետք է լինեն հրապարակային բացվածքներ, որպեսզի մասնագետները կամ համապատասխան մարդիկ կարողանան վերլուծել և փորձագիտական գնահատականներ տալ՝ անխուսափելի˚ է, թե˚ անխուսափելի չէ այդ թանկացումը»,- հայտնեց Բ. Պիպոյանը:

Նրա խոսքով՝ առաջին փուլում դեռևս փորձագիտական գնահատականներ չկան, սակայն սպասողն ունի նվազագույն կարիքների բավարարման կարիք, սա կտանի իրավունքների ոտնահարման. «Մենք գիտենք, որ նվազագույն սպառողական զամբյուղը չի խոսում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակի, նպաստի հետ, սպառողական տեսանկյունից՝ սա կտանի իրավունքների ոտնահարման և աղքատացման: Լինելու է գնաճ»:

Որպեսզի գնաճ չլինի, անհրաժեշտ է լինելու, որ առաջին փուլում քաղաքացիները ոտքի կանգնեն և հանրային բացվածք պահանջեն. «Պետք է տան քաղվածքներ ոչ միայն՝ թե ինչու են սկսել թանկ գնել էներգիա, այլ՝ թե ինչու է վաճառողը թանկ վաճառում այն»:

Սպառողների իրավունքների պաշտպանն այս խնդրի հետ կապված մեջբերեց հանրային տրանսպորտի թանկացման ժամանակ առաջացած հանրային ընդվզումը: 168.am-ի դիտարկմանը, որ տրանսպորտի թանկացման դեմ ակցիան վերջին տարիների երևի թե միակ համախմբված ակցիան է եղել՝ ընդդեմ թանկացումների, վերջինս համաձայնելով՝ նշեց, որ տրանսպորտի դեպքում քաղաքացիներն այլընտրանք ունեին, կարող էին մի քանի հոգով տաքսի նստել կամ մետրոյով երթևեկել, սակայն այս դեպքում մարդիկ պարզապես չեն կարող՝ առանց  գազի, լույսի և ջրի, թեև այս դեպքում ևս պետք է իրենց ձայնը լսելի դարձնեն:

«Մարդիկ չեն կարող առանց էլեկտրաէներգայի անգամ մեկ օր ապրել: Միջին խավը միայն կարող է թույլ տալ հավելյալ վճարումներ անել էներգիայի դիմաց, սակայն, բնականաբար, օգտակար սննդի հաշվին պետք է անի, քանի որ այդ խավն այսօր իրեն հագուստի մասով ճոխություններ թույլ չի տալիս: Իսկ սոցիալապես անապահով ընտանիքների դեպքում նրանք պարզապես մրսելու են կամ քիչ են օգտագործելու էներգիա, քանի որ հացը, ձեթը և հիմնական սպառման ապրանքները չեն կարող կրճատել էներգիայի համար»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:

«Անուշ Ալավերդյան» ԱՁ-ի  տնօրեն տիկին Ալավերդյանը, ով զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ, 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վերջերս դրամի արժեզրկումից հետո իրենք ստիպված են եղել թանկացնել իրենց գները, և արդյունքում՝ կրճատվել է առևտուրը:

«Մեր որոշ արտադրանքներ պատրաստվում են ջեռոցում, այսինքն՝ բավականին էներգիա է ծախսվում, նոր թանկացումն այս դեպքում անխուսափելի է դառնում: Բռնել են մարդկանց վզից, ուզում են խեղդել. առանց այն էլ անցած տարվա նոյեմբերից օրական 5-6 հազար դրամ եկամուտով ենք աշխատում, որը, ըստ Հարկայինի, բնութագրվում է՝  որպես գործարարություն»,- հայտնեց Ա. Ալավերդյանը:

Նա հայտնեց, որ այս թանկացման հետ կապված հանրային ցույցերին ինքն անպայման կմասնակցի, քանի որ հակառակ նժարին դրված է իր արտադրամասի լինել-չլինելու  հարցը. «Ես 7 աշխատող ունեմ, միջինը 70 հազար աշխատավարձ եմ տալիս։ Իմ նման գործարարներին պետք է ոտքի կանգնեցնեն, որ ավելի մեծացնեմ գործս, ավելի շատ աշխատատեղեր ստեղծեմ, ինչո՞ւ չէ, նաև հարկեր տամ: Բայց դուք ինքներդ եք տեսնում վիճակը…»:

Թեև մասնագետները թանկացումների հիմքերին այդքան էլ մանրամասն տեղյակ չեն, սակայն պնդում են, որ էլեկտրաէներգիայի նոր թանկացումն ավելի է սրելու սոցիալական վիճակը, ազդելու է մարդկանց գնողունակության, ապրանքների ինքնարժեքի թանկացման և այլ ոլորտների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս