Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահը ապրիլի 25-ին ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոյի Կոնստանտոպուլուին, ով Հայաստան էր այցելել ոգեկոչման միջոցառումներին մասնկացելու նպատակով:
Գալուստ Սահակյանը հյուրին շնորհակալություն է հայտնել ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու, իսկ Հունաստանի խորհրդարանին՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ճիշտ ժամանակին ընդունելու համար:
Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Ապրիլի 24-ին Երեւանում տեղի ունեցած աննախադեպ միջոցառումն աշխարհում առաջինն էր իր ծավալով. այն նպաստում է ցեղասպանությունների ճանաչման միջազգային գործընթացին:
Գալուստ Սահակյանը նշել է, որ ցեղասպանությունների միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցում հայերն ու հույները՝ որպես հնագույն ազգեր, ունեն պատասխանատվության իրենց բաժինը: Աժ նախագահը ցավով հավելել է, որ այսօր աշխարհում քաղաքականությունն ու քաղաքական շահերն ավելի բարձր են դասվում, քան քաղաքակրթությունը: Գալուստ Սահակյանը նշել է, որ մեր երկրները հիմնավոր կապեր ունեն. համագործակցում են միջազգային հարթակներում, կրթության եւ ռազմական ոլորտներում: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարանների միջեւ նույնպես կապերը կաշխուժանան եւ կզարգանան:
Խոսելով Հունաստանում տիրող տնտեսական բարդ իրավիճակի մասին՝ Գալուստ Սահակյանը բարեկամ հույն ժողովրդին մաղթել է բարեկեցություն եւ տնտեսական կայունություն:
Զոյի Կոնստանտոպուլուն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ հույներն իրենց պարտքն են համարում այս պատմական միջոցառումների օրերին հայերի կողքին լինել: Նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության ամենամութ էջերից մեկն է, քանի որ այդ հանցագործությունը կատարվել է մարդկության դեմ եւ պետք է ճանաչվի ամբողջ աշխարհի կողմից: Հունաստանի խոհրդարանի ղեկավարը փաստել է, որ Հունաստանը կշարունակի աջակցել Հայաստանին Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացում:
Զոյի Կոնստանտոպուլուն Ազգային ժողովի նախագահին հրավիրել է Հունաստան. հրավերը սիրով ընդունվել է:
ՀՀ ԱԺ