Պուտինն ու Օլանդը Երևանում քննարկել են «Միստրալ» ռազմանավերի մատակարարման հարցը. Պեսկով
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Երևանում Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ֆրանսուա Օլանդի բանակցություններն անցել են պրագմատիկ ու կառուցողական ոգով:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերով` նախագահները երևանյան հանդիպման ժամանակ քննարկել են «Միստրալ» ռազմանավերի մատակարարման հարցը, ինչպես նաև շոշափել են Ուկրաինայում տիրող իրավիճակն ու մինսկյան պայմանավորվածությունների իրագործման գործընթացը.
«Նախագահ Օլանդի հետ տեղի է ունեցել բավական տևական ու շատ մանրակրկիտ զրույց: Նախագահ Պուտինը ևս մեկ անգամ անհրաժեշտ պարզաբանումներ է տվել Իրանին C-300 զենիթա-հրթիռային համալիրներ մատակարարելու հարցի վերաբերյալ»:
Պեսկովն ընդգծել է, որ Պուտինն ու Օլանդը քննարկել են նաև «նորմանդական քառյակի» աշխատանքներում ԱՄՆ-ին ներգրավվելու հարցը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ռուս-ֆրանսիական երկկողմ հարաբերությունները: