Բաժիններ՝

«Անձրևի տակ թրջվող այդ երիտասարդներն ապացուցեցին, որ կարող են պայքարել, դիմանալ, և նրանցից արդեն շատ բան կարելի է սպասել»

Տարվա կեսը Հայաստանում բնակվող արվեստի համադրող, հաշմանդամների հարցերի մասնագետ, եգիպտահայ Նաիրի Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ Եգիպտոսը մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Ես վստահ եմ, որ սոցիալական ցանցերն այս օրերին իրենց մեծ դերը կատարեցին այն առումով, որ աշխարհում այս օրերին ավելի շատ խոսվի Հայոց ցեղասպանության մասին:

Քիչ առաջ Եգիպտոսից էին կապվել, ասում էին` Եգիպտոսում երեք օր է՝ Հայաստանի մասին են միայն խոսում, և դրան նպաստեց այն, որ այս օրերին Հայաստան այցելած ամենամեծ լրագրողների պատվիրակությունը, թերևս, Եգիպտոսի լրագրողների պատվիրակությունն է:

Եգիպտոսի` 120 հոգանոց պատվիրակության կազմում 60 լրագրող կար, բոլորն էլ առաջատար լրատվամիջոցներից, որոնք անընդհատ նյութեր և լուսանկարներ են ուղարկում, այդ լուսանկարները տարածվում են, ավելի շատ մարդիկ են իմանում հայերի ու մեր ցավի մասին: Ֆեյսբուքն էլ իր դերն է կատարում, հայության դրած բոլոր գրառումները Ցեղասպանության և ոգեկոչման մասին են, և կարող ես մեդիա ցանցի միջոցով իմանալ, թե աշխարհի որ երկրում այսօր ինչ են անում, ինչպես են ոգեկոչում, դա սոցիալական մեդիայի դրական կողմերից է»,- ասաց Նաիրի Ավետիսյանը:

Նա նշեց, որ Հայաստանը վանը արդեն մեկ քայլ առաջ կարող է զգալ իրեն` նկատի ունենալով աշխարհի աջակցությունը, որը պետք է ճիշտ օգտագործվի, ինչպես նաև ավելացրեց, որ այսօր արդեն մեծ հույսեր կարելի է կապել հայ երիտասարդության հետ. «Երեկ անձրևի տակ թրջվող այդ երիտասարդներն ապացուցեցին, որ կարող են պայքարել, դիմանալ, և նրանցից արդեն շատ բան կարելի է սպասել»:

Մեր այն հարցին, թե Եգիպտոսը երբևէ կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, Նաիրի Ավետիսյանը պատասխանեց, որ այսօր քչաթիվ երկրներ են, որ ինչ-ինչ քաղաքական պատճառներով՝ չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և այդ երկրների պարզ ժողովուրդը հեռու է այդ քաղաքական պատճառներից:

Ըստ նրա՝ Եգիպտոսի ժողովուրդը նույնպես լավ է տրամադրված դեպի հայությունն ու նրա խնդիրները, և հույս կա, որ մի օր Եգիպտոսն էլ կմիանա Ցեղասպանությունը ճանաչած երկրների թվին»,- ասաց Նաիրի Ավետիսյանը՝ նշելով, որ այս տարի լավագույնն են կազմակերպված ոգեկոչման արարողությունները ոչ միայն՝ Հայաստանում, այլև` ամբողջ աշխարհում: Նաիրի Ավետիսյանը 168.am-ին հայտնեց, որ Կահիրեում «Անհայտ զինվորի» հուշարձանի մոտ երիտասարդների կողմից Ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակ է դրվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս