Սերժ Սարգսյանի բաժակաճառը պետական ճաշին
ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ի պատիվ Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների և պետությունների ղեկավարների, Նախագահի նստավայրում տրվել է պետական ճաշ, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել բաժակաճառով.
«Մեծարգո՛ Նախագահներ,
Պետությունների և միջազգային կազմակերպությունների հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
Վեհափա՛ռ Տեր,
Գերաշնորհ սրբազան հայրեր,
Հարգարժա՛ն հյուրեր,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Լինում են դեպքեր, երբ խոսքն ամենազոր ի զորու չէ փոխանցել մարդկային զգացումները: Այսօր այդ դեպքերից մեկն է:
Շնորհակալ եմ ձեզ, որ ժամանեցիք Հայաստան՝ հեռվից ու մոտիկից, ժամանեցիք՝ կանգնելու մեր կողքին, ժամանեցիք՝ վերահաստատելու, որ ոչինչ չի մոռացվել, որ պատմությունը դեռ պատմվելու է, ժամանեցիք՝ տարբերակելու ճշմարիտն ու կեղծիքը, որպեսզի սերունդներին փոխանցենք պատմության իրական դասերը:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ես հրաժարվում եմ հավատալ, որ պատմությունն է տնօրինում մեր ճակատագիրը: Ես հավատում եմ, որ մենք ենք կերտում այն և ի զորու ենք փոխել մարդկության զարգացման ուղին:
Հրաժարվում եմ նաև հավատալ, որ անցողիկ շահերը կարող են փոշիացնել ազատության և խաղաղության մասին մարդկության՝ դարերով փափագած երազանքները: Չէ՞ որ բարոյականությունն ու խիղճը մեզ ի վերուստ են տրված, այլապես չէինք զարգացնի միջազգային մարդասիրական իրավունքը, չէինք դավանի համամարդկային բարոյական արժեքներին, չէինք ունենա մարդասիրական կառույցներ և վերջապես այսօր այստեղ չէինք համախմբվի:
Այո՛, մարդն իր էությամբ ստեղծարար է. նա ստեղծել է առաջատար տեխնոլոգիաներ ու համացանց, բայց այսօր մարդկությունը, առավել քան երբևէ, կարիք ունի սիրո, հանդուրժողականության ու բարության, մարդկայնության ու մարդասիրության, որպեսզի մեր երեխաները չապրեն ու չվերապրեն այն, ինչ ապրել են նախորդ սերունդները, այն, ինչին ականատես ենք նաև մենք՝ մեր օրերում:
Ես հավատում եմ, որ մենք բացառիկ հնարավորություն ունենք, օգտագործելով մեր իսկ ստեղծած գործիքները, համագործակցության բազում կառույցները, հաղորդակցության աննախադեպ միջոցները, միջազգային իրավական համակարգը՝ կատարելագործելու համաշխարհային խաղաղության պահպանման առկա մեխանիզմները, վերականգնելու պատմության ընթացքում բարոյականության սասանված հիմքերը և կանխելու մարդկության դեմ ուղղված ողբերգությունների կրկնությունը:
Հարգելի՛ գործընկերներ,
Ես հավատում եմ, որ մենք կարող ենք կերտել համերաշխության ու հանդուրժողականության աշխարհ, որտեղ մարդու ազգային, ռասայական և կրոնական պատկանելիությունը, ինքնությունը հպարտության աղբյուր կլինեն միայն: Եվ այս գործում մեզնից յուրաքանչյուրը պետք է կրի պատասխանատվության իր բաժինը, քանզի մեր աշխարհում, որտեղ հետզհետե վերանում են բոլոր սահմանները, մենք՝ բոլորս, անհետադարձ փոխկապակցված ենք միմյանց:
Օրերս Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացին դեռևս մի ամբողջ հազարամյակ առաջ պատգամել է մեզ. «Երթ ի խաղաղություն՝ սրբեալ ի մեղաց» (Երթը դեպի խաղաղություն սրբում է մեղքերից):
Ուստի եկեք բաժակ բարձրացնենք հանուն ողջ մարդկության խաղաղ համագոյակցության, լույս սերմանող և լույս ծնող խաղաղության»: