
Համայն աշխարհում բնակվող օսմանյան հայերի թոռների առջև մինչև վերջ բաց են մեր սրտերի դռները. Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին:
Իր ուղերձում Էրդողանը հիշատակել է անցյալում հայ համայնքի հետ տեղի ունեցած ցավալի իրադարձությունները՝ ընդգծելով, որ իրենք «անկեղծորեն կիսում են այդ ցավերը».
«Այսօր հատուկ օր է հայ քաղաքացիների համար: Եվս մեկ անգամ հարգանքի տուրք ենք մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում զոհված օսմանյան բոլոր հայերին, ցավակցում ենք նրանց երեխաներին ու թոռներին:
Ցանկանում եմ՝ իմանաք, որ աշխարհի բոլոր տեղերում բնակվող օսմանյան հայերի թոռների առջև մինչև վերջ բաց են մեր սրտերի դռները»: Էրդողանը վերստին հայտարարել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տուժել են Օսմանյան կայսրության սահմաններում բնակված բոլոր ազգերը: Նամակում Էրդողանն օգտագործել է «Թանկագին հայ քաղաքացիներ» արտահայտությունը:
Ընդգծվում է, որ Էրդողանի այս նամակն ընթերցվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ստամբուլի Մարիամ Աստվածածին եկեղեցում Աթեշյանի մատուցած պատարագի ժամանակ: Նամակն ընթերցել է վանահայր Թաթուլ Անուշյանը: