Օբաման հայտարարություն է անելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ. Էրիկ Շուլց
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարություն է անելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Շուլցը:
Դրա հետ մեկտեղ նա վերստին հրաժարվել է ԱՄՆ-ի անունից 1915 թվականի իրադարձությունները ճանաչել որպես Հայոց ցեղասպանություն: Երբ նրան հարցրել են, թե արդյոք Օբաման տեղի ունեցածը համարո՞ւմ է ցեղասպանություն, Շուլցը պատասխանել է. «Կարծում եմ, որ մենք կարող ենք ակնկալել նախագահի հայտարարությունն այդ տարելիցի պատմական նշանակության մասին»:
Լրագրողները Շուլցին հիշեցրել են, որ 2008 թվականի նախընտրական կամպանիայի ժամանակ Օբաման, ով դեռ սենատոր էր, Հայոց ցեղասպանությունը ճանաչում էր որպես լայնորեն փաստարկված փաստ, սակայն նախագահ դառնալուց հետո դադարել է խոսել ցեղասպանության ճանաչման մասին:
Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է. «Նախագահն ու վարչակազմի բարձրաստիճան մյուս ներկայացուցիչները քանիցս պատմական փաստ են ճանաչել Օսմանյան կայսրության վերջին օրերին 1.5 միլիոն հայերի սպանությունը:
Թուրքիան կարևոր դեր է խաղում 1915 թվականի փաստերի ճանաչման մեջ: ԱՄՆ-ը նրան կոչ է անելու կառուցողական հարաբերություններ հաստատել ժամանակակից Հայաստանի հետ»: