«Այս տարին Բարաք Օբամայի համար վերջին հնարավորությունը չէ ասելու Ցեղասպանություն բառը»
«Գրասենյակի գնահատականի վրա նոր բան չունեմ ավելացնելու, դա իրենց տեսակետն է, Սպիտակ տան որոշումն է: Հետաքրքիր է, որ այս տարի ավելի շուտ դրսևորվեց, թե ինչ է ասելու կամ չի ասելու ԱՄՆ նախագահը, դա ևս մտածելու տեղիք է տալիս: Իսկ այն, որ ԱՄՆ մասնակցում է նախարարի մակարդակով, կարծում եմ, միշտ էլ կարելի էր ավելի բարձր մակարդակով մասնակցել: Այնպես չէ, որ դա ինչ-որ տեղ անտեսում են: Ընդհակառակը, նախարաի մակարդակով մասնակցությունը դրական չասեմ, բայց անտեսել էլ չի կարելի, որովետև, ի վերջո, դա ԱՄՆ նախարարն է»,- այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնական հայտարարությունը նախօրեին Հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական ասամբլեայի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումից հետո և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանձնարարությունը՝ ֆինանսների նախարար Ջեկ Լյուին՝ գլխավորելու ամերիկյան պատվիրակությունը ապրիլի 24-ին Երևանում անցկացվելիք Հարյուրամյակի միջոցառումներին «ի համեարշխություն հայ ժողովրդի»։
Ըստ նրա՝ այս տարին Բարաք Օբամայի համար վերջին հնարավորությունը չէ ասելու Ցեղասպանություն բառը. «Օբաման մոտ երկու տարի դեռ նախագահ է, դրա համար էլ նայած՝ ինչ կանի այդ ընթացքում, տեսնենք այլ առիթներ արդյոք չի՞ օգտագործի: Հիմա հանդիպման ժամանակ խոսել են ապրիլի 24-ի մասին, խոսել են, որ ինքը չի ասելու, բայց դա չի նշանակում, որ իրենք ակտիվորեն աշխատելու են դեմ, որ ԱՄՆ կառավարության տարբեր թևեր չասեն, որովհետև այս տարի այդ ճիգը կա: Բայց իրենք շատ չեն խոչընդոտի, որ Ներկայացուցիչների պալատը հարցը քննարկի ու որոշում կայացնի»: