
Իրանն ու Ադրբեջանը ստեղծում են պաշտպանական հանձնաժողով

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգհանի այցն էլ ավելի կամրապնդի Իրանի ու Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցությունը՝ հաշվի առնելով երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը:
Այս մասին Դեհգհանի ադրբեջանական այցին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը: Դեսպանն ընդգծել է, որ այցի հիմնական կողմը դարձել է պաշտպանական ոլորտում համատեղ հանձնաժողով ձևավորելու մասին որոշումը.
«Այն ղեկավարելու են Իրանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Հանձնաժողովի հիմնական գործառույթը լինելու է պաշտպանական ոլորտում երկու երկրների միջև առաջարկների քննարկումը»: Դեսպանի խոսքերով՝ Դեհգհանի ադրբեջանական այցի երկրորդ կարևոր կողմն անվտանգության հարցերի քննարկումն է.
«Քննարկվել է ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարը, ինչպիսին է «Իսլամական պետությունը»: Որոշվել է պայմաններ ստեղծել արմատականության դեմ պայքարում համատեղ քայլեր ձեռնարկելու համար»: Դեհգհանն Ադրբեջան է այցելել այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով: