Ինչո՞ւ Նազարբաևն ու Լուկաշենկոն չեն ժամանում Երևան

Ապրիլի 24-ին Հայաստանի եվրասիական «բարեկամներից»` Ղազախստանի և Բելառուսի նախագահները չեն ժամանի Երևան։ Հայաստանում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման արարողություններին այս երկրների պատվիրակությունների մակարդակի վերաբերյալ ևս հստակ տեղեկություններ ստանալ չի հաջողվում։

Երեկ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ ապրիլի 24-ին Երևան են ժամանելու միայն 4 երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի ու Սերբիայի ղեկավարները։ Այնինչ ակնկալվում էր նաև, որ տարբեր ինտեգրացիոն պրոյեկտների շրջանակում Հայաստանի եվրասիական գործընկերները կլինեն Հայաստանի կողքին։ Մեկ-երկու շաբաթ առաջ էլ արդեն ենթադրելի էր, որ այս երկրների նախագահները չեն լինի Երևանում, քանի որ Լուկաշենկոն այս օրերին նախատեսում է պաշտոնական այցով մեկնել Վրաստան, իսկ Ղազախստանում նախագահական ընտրություններ են սպասվում։

«168 Ժամի» հետ զրույցում բելառուս քաղաքագետ Վալերի Կարբալևիչն ասաց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի սգո միջոցառումներին Լուկաշենկոյի բացակայությունը փաստում է այն, որ պաշտոնական Մինսկի համար Բելառուսի և Հայաստանի հարաբերությունները կարևոր, արժեքավոր չեն, քանի որ առևտրաշրջանառությունը մեծ չէ, ֆինանսական ռեսուրսներ ևս Հայաստանը չունի, ուստի Լուկաշենկոն որոշել է, որ չարժե ծախսել ժամանակ և այս օրերին ժամանել Երևան։ Միևնույն ժամանակ, ըստ քաղաքագետի, բելառուսաթուրքական հարաբերությունները հանգիստ են, հավասարակշռված։

«Բելառուսում հզոր թուրքական կապիտալի ներկայություն կա։ Թուրքիայի դեսպանատունը պնդում է, որ առևտրաշրջանառությունը նույնիսկ ավելի շատ է, քան մեկ միլիարդ դոլարը։ Բելառուսում թուրքական կապիտալը ներկա է անշարժ գույքի, տուրիզմի և մի շարք այլ ոլորտներում։ Այս ամենի շնորհիվ Բելառուսը չի ցանկանում վատթարացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, ուստի հեռու է մնում և փորձում պահպանել չեզոքություն` Հայոց ցեղասպանության հարցում»,- ասաց Վալերի Կարբալևիչը` շարունակելով, որ, թեև Բելառուսը և Հայաստանը գտնվում են երկու միության կազմում` ՀԱՊԿ և ԵՏՄ, այդուհանդերձ, հասկանալի է, որ այս միությունները հիմնված են ոչ թե արժեքային համակարգի, այլ ավելի շատ այդ միությունների մասնակցությամբ Ռուսաստանին նվիրվածության գործողություն ցուցադրելու ձգտման վրա։

Այդ կառույցներին միացած երկրների աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, շահերը, ըստ նրա, տարբեր են, հակադրվող են, ինչի արդյունքում էլ դրանք պարզապես Մոսկվային նվիրվածության ցուցադրություն կարելի է որակել։ Եթե, ըստ բելառուս քաղաքագետի, եվրասիականությունը հիմնված լիներ իրական համամարդկային արժեքների վրա, ապա Հայաստանի բոլոր եվրասիական գործընկերներն այդ օրը կգտնվեին Երևանում։ «Իսկ այս պայմաններում դժվար է պատկերացնել, թե ինչ ընդհանուր ռազմաքաղաքական սպառնալիքներ ունեն Բելառուսն ու Հայաստանը, որպեսզի անդամակցեն նման կառույցի, ինչպիսին ՀԱՊԿ-ն է»,- նկատեց նա։ Կարբալևիչի համոզմամբ, հենց սա է պատճառը, որ ԵՏՄ-ն պարզապես պահպանելու է իր ստատուս-քվոն, այսինքն` շարունակելու է իր գործունեությունն այնպես, որ անընդհատ տարաձայնություններ են գլուխ բարձրացնելու։

«Այս պրոյեկտների ապագան կախված է լինելու Ռուսաստանի ազդեցությունից, ամրությունից, թե ինչպիսի հեռանկարներ կունենա Ռուսաստանը։ Ամեն ինչ կախված է նրանից, թե կպահպանի՞ արդյոք Ռուսաստանն իր կարողությունը` իր շուրջ ինտեգրել այս երկրներին։ Բայց չեմ կարծում, որ իրավիճակն առաջիկայում արմատապես կփոխվի։

Այդ կարողությունը բարձր չէ և գնալով անկում է ապրում, քանի որ Ռուսաստանը հայտնվել է միջազգային մեկուսացման, տնտեսական ճգնաժամի մեջ, իսկ տնտեսական գործոնն է ամենակարևորը` ԵՏՄ անդամ երկրներին իր շուրջը պահելու տեսանկյունից։ Այսինքն` Ռուսաստանը պետք է շարունակի վճարել, որոշակի տնտեսական արտոնություններ տրամադրել նրանց` այդ անդամակցության դիմաց։ Օրինակ` Բելառուսի համար չափազանց կարևոր է ՌԴ տնտեսական աջակցությունը, որի համար էլ այսօր Բելառուսը նվիրված է Ռուսաստանին»,- մեկնաբանեց բելառուս քաղաքագետ Վալերի Կարբալևիչը։

Մեզ հետ զրույցում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին խոսնակ Սեյթքազ Մաթաևն ասաց, որ Նազարբաևի բացակայությունը կարելի է բացատրել Ղազախստանում նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով։

«Դժվար է պատկերացնել, որ երբ Ղազախստանում ապրիլի 26-ին նախագահական ընտրություններ են նշանակված, Նազարբաևն այդ ծանրաբեռնված օրերին ժամանի Երևան` մասնակցելու Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին։

Նախընտրական շրջանն ավարտվում է, նա իր վերջնական հանդիպումներն է անցկացնում ընտրազանգվածի հետ, երկու օր նա Ալմաթի քաղաքում էր։ Այսօր գնացել է իր հարազատ գյուղ` ընտրողների հետ հանդիպելու»,- պարզաբանեց Սեյթքազ Մաթաևը։

Վերջինս վստահեցրեց, որ հայ-ղազախական հարաբերությունները շատ բարիդրացիական են` պայմանավորված նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ։

«Մենք վաղուց ունենք այդպիսի հարաբերություններ և երբեք լուրջ տարաձայնություններ չենք ունեցել։ Վստահ եմ, որ այդպես էլ շարունակվելու են»,- հստակեցրեց Սեյթքազ Մաթաևը։ Վերջինիս համոզմամբ, եթե չլինեին ընտրությունները, Ղազախստանն ինչ-որ մակարդակով ներկայացված կլիներ Երևանում` անկախ թուրքական գործոնից։ Թեև նա նաև ընդգծեց, որ թուրք-ղազախական հարաբերությունները խորն են, անձեռնմխելի, բայց Ղազախստանի համար Հայաստանը կարևոր գործընկեր է, քանի դեռ այդ երկրները ԵՏՄ կազմում եմ` միևնույն ինտեգրացիոն պրոյեկտի շրջանակում։

 

Տեսանյութեր

Լրահոս