
Այնպիսի մթնոլորտ է, որ չի բացառվում՝ Բ. Օբաման ասի «ցեղասպանություն» բառը. Կիրո Մանոյան

Թուրքիայի հակազդեցությունը և շտապ ելույթները խուճապի մատնվածի քայլեր են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ նկատելով, որ այս քայլերը վնասում են հենց Թուրքիային:
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությանը, բանախոսը նշեց, որ, եթե այս անգամ էլ նա չարտաբերի «ցեղասպանություն» բառը, մեզ չպետք է հետաքրքրի նրա խոսքը:
«Չնայած ընդհանուր մթնոլորտն այնպիսին է, որ հնարավոր է՝ ասի, դա կամ կարող է անել Հայաստան եկող պատվիրակության միջոցով, կամ ելույթով, ասելը բացառված չէ»,- նշեց Կ. Մանոյանը:
Վերջինս՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից հնչող այն հայտարարություններին, որ պատրաստվում է բացել արխիվները, ասաց, որ ինքն անձամբ այս հարցով է զբաղվում 30 տարի, և առնվազն 25 անգամ տարբեր գործիչներ հայտարարել են այդ մասին:
«Կբացենք, բացելու ենք, բացել ենք, հնչել են նման բազմաթիվ հայտարարություններ, որոշ դեպքերում էլ բացվել են մաքրազտված տվյալներ: Նշում են, որ եթե պետք լինի՝ կբացեն նաև ռազմական արխիվները, նման փորձ եղել է, սակայն իրենց Անվտանգության խորհուրդը դեմ արտահայտվեց՝ նշելով, որ դա դեմ է իրենց ազգային անվտանգությանը»,- ասաց Մանոյանը: