Ապրիլի 22-ի համաժողովում Ցեղասպանության վերաբերյալ բացահայտումներ կանի մի անձնավորություն, ում անունը դեռ չի հրապարակվում
Ապրիլի 22-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովի բացումը կկատարի ՀՀ նախագահը, համաժողովին կմասնակցեն բարձրաստիճան դիվանագետներ, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներ, միջազգային իրավունքի հանրահայտ մասնագետներ, հեղինակավոր ԶԼՄ-ների վերլուծական կենտրոնների, ցեղասպանագիտական կենտրոնների ներկայացուցիչներ:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանն այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ համաժողովի առաջին թեման նվիրված է մարդկության հանդեպ ոճրագործության կանխարգելման միջոցներին, հատուկ ուշադրություն է դարձվելու տարբեր վայրերում տարբեր բռնարարաքների համեմատական ուսումնասիրությանը, ինչպիսի ազդեցություն կունենան Ցեղասպանության ժխտումը, Ցեղասպանության հետևանքների, պատասխանատվության խնդիրների հարցերը:
«Երևանում անցկացվելիք միջազգային այս համաժողովը ունենալու է աննախադեպ մասշտաբներ՝ մոտ 600 պատվիրակներ կմասնակցեն, տեղի կունենան նաև գիտաժողովներ, տարբեր հանդիպումներ, կլինի ցուցահանդես՝ ցեղասպանությունների վերաբերյալ տարբեր բաժիններով»,- ասաց Կ.Նազարյանը:
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ համաժողովի ժամանակ ելույթ կունենա մի անձնավորություն, ում անունը դեռ չի հրապարակվում, բայց ով բացահայտումներ կանի Ցեղասպանության վերաբերյալ: