Թուրքիան պետք է բացի հայ-թուրքական սահմանները՝ առանց նախապայմանների. Չարլզ Թեննոք
«Վաղ թե ուշ Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների հարցերով Եվրախորհրդարանի ենթակոմիտեի փոխնախագահ, Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության արտաքին քաղաքականության հարցերի պատասխանատու Չարլզ Թեննոքը՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդարանում ընդունված՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բանաձևին: Եվրոպական խորհրդարանի պատգամավորի համոզմամբ՝ Թուրքիան պետք է ընդունի իր պատմությունը` վերջ դնելով ժխտողական քաղաքականությանը: Թեննոքը, ով նույնպես մասնակցել է բանաձևի մշակման աշխատանքներին, ցավով նշեց, որ այն խորհրդանշական նշանակություն ունի, սակայն շատ կարևոր է, քանի որ ընդունվել է Եվրոպական խորհրդարանի կողմից: Նրա փոխանցմամբ` բանաձևում ներառված են նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:
«Առաջինը, որը պետք է անի Թուրքիան, և մենք դա ամրագրել ենք փաստաթղթում, հայ-թուրքական սահմանի բացումն է՝ առանց նախապայմանների»,- ասաց Չարլզ Թեննոքը` հավելելով, որ բանաձևում ընդգրկել են առաջարկների մի ամբողջ շարք: Թեև պատգամավորը վստահ չէ, որ բանաձևը կունենա որևէ ազդեցություն Էրդողանի քաղաքականության վրա:
ԵԽ պատգամավորի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ ուշ: