Հայկազ Բարսեղյանին վիրավորելու գործով ներգրավված չեն եղել
Ինչպես տեղեկացրել էինք, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Ա. Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործը: Նա մեղադրվում է պտտաձողի վրա պարանով կախված վիճակում հայտնաբերված կուրսանտ Հայկազ Բարսեղյանին վիրավորանք հասցնելու մեջ: Սպանության գործով Հայկազ Բարսեղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այս գործով ներգրավված չեն եղել:
Նշենք, որ Ա. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին կուրսանտական գումարտակի 1-ին մարտկոցի 1-ին դասակի կուրսանտ 28.01.2015թ. ժամը 20:00-ի սահմաններում, «Ա. Սպենդարյանի» անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում, ՀՀ ԶՈՒ կազմավորման տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական համերգից հետո, ռազմական ինստիտուտ վերադառնալու ճանապարհին, զորամասին ամրակցված ավտոբուսի մեջ, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 65-րդ հոդվածներով սահմանված` զինվորական ընկերասիրությունը բարձր պահելու, զինծառայողներից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը հարգելու, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ կոպտություն և ծաղրուծանակ թույլ չտալու, զինվորական հարգանքի և վարքի կանոնները պահպանելու զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, վիճաբանել է նույն դասակի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հետ, որի ընթացքում հայհոյել և քաշքշել է վերջինիս` այդ կերպ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը»: