Բաժիններ՝

Կուրսանտին վիրավորելու գործն ուղարկվել է դատարան

Հունվարի 29-ին, ժամը 06:35-ի սահմաններում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում հայտնաբերվել էր զորամասի զինծառայող Հայկազ Բարսեղյանը:

Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից Հայկազ Բարսեղյանին սպանելու դեպքի առթիվ: Մեր տեղեկություններով՝ սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով նոր գործ է հարուցվել, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի կուրսանտներից մեկին: Երեկ ՀՀ քննչական կոմիտեից մեզ տեղեկացրին, որ այդ քրեական գործով Ա. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով՝ զինծառայողին վիրավորանք հասցնելը: Քննչական կոմիտեից հայտնեցին նաև, որ նախաքննությունն այդ գործով ավարտվել է, և քրեական գործն ուղարկվել է դատարան:

Քրեական գործն արդեն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել է դատավոր Արշակ Վարդանյանին: Ա. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին կուրսանտական գումարտակի 1-ին մարտկոցի 1-ին դասակի կուրսանտ, 28.01.2015թ. ժամը 20:00-ի սահմաններում, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում ՀՀ ԶՈՒ կազմավորման տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական համերգից հետո` ռազմական ինստիտուտ վերադառնալու ճանապարհին, զորամասին ամրակցված ավտոբուսի մեջ, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 65-րդ հոդվածներով սահմանված` զինվորական ընկերասիրությունը բարձր պահելու, զինծառայողներից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը հարգելու, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ կոպտություն և ծաղրուծանակ թույլ չտալու, զինվորական հարգանքի և վարքի կանոնները պահպանելու զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, վիճաբանել է նույն դասակի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հետ, որի ընթացքում հայհոյել և քաշքշել է վերջինիս` այդ կերպ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը»:
Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն այժմ շարունակվում է:

Կուրսանտի սպանության մեջ մեղադրվում են նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը: Նրանք կալանավորված էին: Նշենք նաև, որ սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով Քննչական կոմիտեում ևս մեկ գործ էր հարուցվել, որի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել ռազմական ինստիտուտի սպա, դասակի հրամանատար Արտյոմ Ավետիսյանին: «Նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Ավետիսյանը, ականատես լինելով իր ենթակա անձնակազմի կուրսանտներ Հայկազ Բարսեղյանի և Ա.Մարտիրոսյանի վիճաբանությանը, փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումներին, միջոցներ չի ձեռնարկել` վիճաբանությունը կանխելու ուղղությամբ, չի պարզել դրդապատճառները և չի զեկուցել ըստ ենթակայության, որով էական վնաս է հասցրել զինվորական ծառայության շահերին»,- նշված էր Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս