Կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-Շինուհայր էլեկտրահաղորդման գիծը
Կառավարությունն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրով Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշում: Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը: Օտարվող սեփականության դիմաց փոխհատուցումն իրականացվելու է բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ս.թ. ապրիլի 8-ին ստորագրվել է «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման վարկային համաձայնագիրը», որին նույնպես հավանություն է տվել գործադիրը: Բանկը տրամադրելու է 52 մլն ԱՄՆ դոլար վարկ, որով վերակառուցվելու են «Աշնակ» ենթակայանը, Երևանի ՋԷԿ-ի ենթակայանը, անհրաժեշտ սարքավորումներ են ձեռք բերվելու ենթակայանների և օդային գծերի սպասարկման և նորոգման համար և այլն: