
Բրազիլիայում ավելի քան 700.000 մարդ պահանջել է նախագահի հրաժարականը

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Բրազիլիայում անցկացվել են բողոքի խոշոր ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջել են նախագահ Դիլմա Ռուսեֆի հրաժարականը: Հանրահավաքներն անցկացվել են երկրի 26 նահանգներից 24-ում, իսկ ամենաբազմամարդ ակցիան անցկացվել է Սան Պաուլուում, ուր փողոցներ է դուրս եկել մոտ 270.000 մարդ:
Ընդհանուր առմամբ, Բրազիլիայում անցկացված բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 700.000 մարդ: Ակցիաների կազմակերպիչների խոսքերով՝ մասնակիցների թիվը հասել է 1.5 միլիոնի: Բողոքի ակցիաների համար պատճառ է դարձել Բրազիլիայի նախագահի կուսակցությունում բռնկված կոռուպցիոն սկանդալը:
Ակցիայի մասնակիցները հիմնականում հնչեցրել են «Դիլմա հեռացի՛ր» և «Փոփոխությունների ժամանակն է» կարգախոսներ: Ակցիաները հիմնականում անցել են խաղաղ և առանց ոստիկանության հետ բախումների: