
Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի հայտարարությունից հետո Վատիկանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Անկարայում Վատիկանի դեսպան Անտոնի Լուջիբելոն կանչվել է Թուրքիայի ԱԳՆ: Այս մասին հայտնել են դիվանագիտական աղբյուրները:
Վատիկանի դեսպանը կանչվել է` պարզաբանումներ տալու համար Հռոմի պապ Ֆրանցիսկոսի արած հայտարարության համար: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն այսօր պատարագ է մատուցել Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարին, որը նվիրած է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ֆրանցիսկոսը պատարագի ժամանակ Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի զանգվածային սպանությունները որակել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Ֆրանցիսկոսն այն որակել է որպես պատմության ամենամեծ ամոթներից մեկը և համեմատել է նացիստների իրականացրած Հոլոքոսթի հետ:
Թուրքիայի ԱԳՆ-ը Հռոմի պապի խոսքերը որակել է որպես «իրականությունից կտրված և միակողմանի» հայտարարություն: Թուրքիայի ԱԳՆ-ը հիշեցրել է, որ Հռոմի պապը նախորդ տարվա նոյեմբերին այցելել է Թուրքիա և այցի ժամանակ և դրանից հետո խաղաղության, հաշտեցման ու երկխոսության ուղերձ է հղել, և այդ ֆոնին Վատիկանի ներկայիս դիրքորոշումը «պետք է արժանանա» համապատասխան արձագանքի: