«Պարզապես Քիմ Քարդաշյանն իրեն կարողանում է ճիշտ վաճառել». Ջուսին զարմացրել է ժողովրդի «ոչ ցիվիլ» պահվածքը. armlur.am
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան իրարանցում է ստեղծել ոչ միայն հայաստանյան, այլև` արտասահմանյան լրատվամիջոցներում: Քիմի այցի առիթով տարաբնույթ և բազմաբովանդակ մեկնաբանություններով հեղեղված համացանցում կարելի է հանդիպել և´ քննադատությունների, և´ գովասանքների: Համացանցի իրենց էջերում շատերի կարծիքով մեր երկրի համար հատկանշական համարվող այցի մասին կարծիքներով կիսվում են նաև հայաստանյան շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչներ: Վերջիններիս մեկնաբանությունները, սակայն, միշտ չէ, որ ողջունվում են մարդկանց կողմից:
Երգչուհի Ջուսը Armlur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ միանշանակ խրախուսական է Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած այցը: Այս իրադարձությունը, երգչուհու համոզմամբ, մեծ հնարավորություն կտա Հայաստանին հայտնի դառնալ ամբողջ աշխարհում.
«Քիմի կողմից Հայաստան գալը ճիշտ քայլ եմ համարում: Նրա գալը աշխարհի մակարդակով կբարձրացնի Հայոց ցեղասպանության հարցը: Պետք է նկատենք, որ նրա յուրաքանչյուր գրառման միլիոնավոր մարդիկ են հետևում: Հիմա անգամ լուրեր կան, որ «Google»-ով Արմենիա բառի որոնումը կտրուկ աճել է: Եվ համամիտ եմ, որ Քիմ Քարդաշյանը մեր Քրիստափոր Կոլումբոսն է, ով աշխարհի համար հայտնաբերել է Հայաստանը:
Իհարկե, Քիմի վարքը դրսում նորմալ է դիտվում, անգամ ողջունվում է, իսկ մեզ մոտ շատերն են քննադատում»,- իր կարծիքով կիսվեց երգչուհին` միաժամանակ կատարելով նմանատիպ նկատառում:
Նա ցավով նշեց, որ հիասթափություն է ապրել` տեսնելով մի խումբ մարդկանց կողմից Քիմ Քարդաշյանին դիմավորելու ոգևորության աստիճանը: Ջուսի գնահատմամբ` այդ ոգևորությունը դուրս է քաղաքակրթության սահմաններից:
Կայքի զրուցակցի խոսքով` մարդիկ Քիմ Քարդաշյանին «վրա են տվել». «Ժողովրդի մեծ մասն իրեն «ոչ ցիվիլ» է պահում: Ինչո՞ւ են վրա տվել այդ աղջկան: Շատ տղամարդիկ իրենց կանանց ու ընկերուհիներին թողեցին, գնացին Քիմի դեմը կանգնեցին, որ նկարվեն հետը: Դա սիրուն չի:շ Էլի թող դիմավորեն, էլի հավաքվեն, բայց ոչ գժերի պես: Ամբողջ սոցկայքերը փոխադարձ վիրավորանքներով են պատվել: Եվ ամենասարսափելին ու անընդունելին այն է, որ մարդիկ անգամ սկսել են հայ հայտնիներին վիրավորել:
Գրում են աստղիկներ, տառականներ, Սոս Ջանիբեկյանի մասին ինչեր ասես չգրեցին: Ի՞նչ է ստացվում: Այսինքն` Քիմը երբ գնա, նրանք նորից կմնան տառականների՞ հետ: Սոս Ջանիբեկյանը պարզապես հումոր է արել, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Եթե նրանք վիրավորում են այստեղի հայերին, ուրեմն` թքում են իրենք իրենց ազգի վրա»,- վրդովված ասաց երգչուհին` նշելով, որ չի կարելի համեմատել անհամեմատելի երևույթները:
Ջուսը հավելեց, որ Քիմ Քարդաշյանը ո´չ երգիչ է, ո´չ մոդել, պարզապես նա կարողանում է իրեն ճիշտ վաճառել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝