Իրանի դեմ պատժամիջոցների վերացման դեպքում 2016թ. նավթի գինը կարող է նվազել 15 դոլարով. IEA

Bloomberg գործակալության փոխանցմամբ` Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցների վերացման դեպքում հաջորդ տարի մեկ բարել նավթի գինը կնվազի 15 դոլարով: Նման կանխատեսմամբ են հանդես եկել Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) փորձագետները:

Ապրիլի 2-ին Իրանը շրջանակային համաձայնագիր է ստորագրել «Վեցնյակի» հետ, ըստ որի` իրանական միջուկային ծրագրի շուրջ վերջնական պայմանավորվածության հասնելու վերջնաժամկետ է սահմանվել հունիսի 30-ը:

Եթե Իրանը մեծացնի համաշխարհային շուկա նավթի մատակարարումների ծավալը, ապա կանխատեսվում է, որ մեկ բարել նավթի ինքնարժեքը կնվազի 5-15 դոլարով:

Դա կարող է տեղի ունենալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրին հասնելու դեպքում, ինչն էլ կհանգեցնի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացմանը:

Սակայն դեռ հայտնի չեն պատժամիջոցների վերացման կարգն ու ժամկետը: IEA-ի գնահատմամբ` Իրանը կարող է 2016 թվականին նավթի օրական արդյունահանման ծավալն ավելացնել 700.000 բարելով:

Հաշվի առնելով դա` WTI տեսակի նավթի միջին գինը հաջորդ տարի կարող է կազմել մեկ բարելի համար 70 դոլար, իսկ Brent տեսակի դեպքում` 75 դոլար:

IEA-ի տվյալներով` նավթ ամբարելու Իրանի ունակությունները չեն գերազանցում 30 միլիոն բարելը և երկիրը կարող է նավթն ամբարներից արագորեն դուրս բերել 2015 թվականի երկրորդ կեսին` պատրաստվելով «Վեցնյակի» հետ հնարավոր առաջընթացի դեպքում նավթի արդյունահանումը մեծացնելուն:

Տեսանյութեր

Լրահոս