Հայաստանը զբոսաշրջային ազատության վարկանիշային աղյուսակում 73-րդն է. Henley & Partners

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Henley & Partners ընկերությունը Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA)  հետ փոխգործակցությամբ հրապարակել է 2014 թվականի արդյունքներով զբոսաշրջային ազատության մասին վարկանիշային աղյուսակը (Visa Restrictions Index):

Դրանում ընդգրկվել է 94 երկիր: Աղյուսակի կազմման համար հիմք են ծառայել դրանում տեղ գտած բոլոր երկրների ու տարածքների վիզային կանոնները, որոնք վերլուծության են ենթարկվել ոչ վիզային ճամփորդություններ իրականացնելու հնարավորության տեսանկյունից:

Հետխորհրդային երկրներից զբոսաշրջային ազատության ամենաբարձր աստիճանը գրանցվել է Լատվիայում` 13-րդ տեղ, որի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 158 երկիր: Վատագույն ցուցանիշն ունի Թուրքմենստանը` 79-րդ տեղ, որի քաղաքացիներն ազատորեն կարող են այցելել միայն 49 երկիր:

Ռուսաստանն ու Թուրքիան կիսում են 38-րդ հորիզոնականը, նրանց քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել աշխարհի 100 երկիր: Ուկրաինայի քաղաքացիներն առանց վիզայի կարող են ճամփորդել 79 երկրում (53-րդ տեղ), Ադրբեջանի քաղաքացիները` 58 երկրում (70-րդ տեղ), Հայաստանի քաղաքացիները` 55 երկրում (73-րդ տեղ):

Վրաստանը զբաղեցրել է 68-րդ տեղը, նրա քաղաքացիները կարող են ազատորեն այցելել աշխարհի 62 երկրներ: Առաջատարներն են Ֆինլանդիան, Գերմանիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը, որոնք կիսել են վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականները: Այդ երկրների քաղաքացիները կարող են առանց վիզայի մեկնել 174 երկրներ:

173 երկրներում առանց սահմանափակումների սպասում են Դանիայի ու Կանադայի քաղաքացիներին (2-րդ տեղ), իսկ 172 երկրում` Բելգիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Իսպանիայի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի բնակիչներին (3-րդ տեղ):

Հետնապահներն են Իրաքն ու Աֆղանստանը: Իրաքի քաղաքացիներին առանց վիզայի պատրաստ են տեսնել միայն 31 երկրում, իսկ աֆղաններին` 28 երկրում:

Տեսանյութեր

Լրահոս