Ազատ Արշակյանը՝ «Հիմնադիր խորհրդարանի» մասին. «Միկոյանը մոտավորապես նույն բաներն էր անում»
«Ես կարծում եմ՝ Հայաստանում սփյուռքահայերի քաղաքական շարժումը, որը մինչև հիմա ներկայացնում էին նախորդ մեր սփյուռքահայ հայրենակիցները՝ Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, սպառվեց, իր ժամանակն ավարտել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով երեկ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամների ձերբակալության դեպքերի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Ա. Արշակյանը նշեց, որ ինքը Նախախորհրդարանի համակիրներից է եղել. «Մտածում էի, որ վերջապես հայրենադարձ սփյուռքահայը ավելի մարտական, ավելի երկրային, հայկական բնավորությամբ, եռանդով կզբաղեցնի սփյուռքահայության քվոտայով հատկացված քաղաքական դաշտը: Ես դրա համար շատ ուրախ էի և համակրում էի այդ շարժումը: Բայց ես դեմ եմ, օրինակ, ապրիլի 24-ն օգտագործելը, և կարծում եմ՝ բոլորս ենք դեմ, որ Չանկալայում այդ օրը միջոցառում անցկացվի, նույնիսկ ոսոխն իրավունք չունի այդ օրը այլ բանով զբաղվելու»:
Ա. Արշակյանի համար մի քիչ անկանկալ էր «Հիմնադիր խորհրդարանի» այդ որոշումը, բայց ինքը կարծում է՝ այդ «խոռոչը» ձախողվեց. «Ես հիասթափվեցի, երբ այդպես ձևակերպվեց: Մի որոշ ժամանակ առաջ մենք Միկոյանի ռեաբիլիտացիային էինք դեմ, բայց Միկոյանը մոտավորապես նույն բաներն էր անում՝ զինվորական անկարգապահություն, բանակը հետ կանչել սահմանններից, հրամանատարությանը հայտարարել ապօրինի: Այստեղ ինչ-որ ինքնավնասարարություն կա, «Նախախորհրդարանը» մի տեսակ վնաս տվեց մեզ, իր համակիրներին վանեց»:
Ա. Արշակյանն ասաց, որ ինքը նաև հիասթափված է քաղաքական վերնախավից. «Նրանք պետք է ունենային քարոզիչներ, համոզիչներ, այսինքն՝ պետք է քաղաքական դաշտում այդ հարցը լուծվեր: Դա մեծ ձախողում էր, իշխող ուժերը ձախողվեցին քաղաքական պայքարում, և, ստիպված, գեներալներն անցան այս գործին: Ես համարում եմ, որ դա անթույլատրելի է: Պետք է իշխանությունները պատժեն յուրայիններին, պետք պատժեն նրանց, ովքեր ձախողեցին, իսկ գեներալների գործունեությունը, հասկանալի է, դե ռեպրեսիվ համակարգ է, նրանք պետք է անեին:
Ես կոչ եմ անում ուղղել սխալը, ազատ արձակել ոչ միայն այս 5-6 հոգուն, այլ նաև Շանթենց՝ ապրիլի 24-ի կապակցությամբ, թող 100-ամյակը դառնա հենց ներողամտության, համերաշխության օրինակ»: