2015 թվականին վրացական գինու արտահանման ծավալը նվազել է 67 տոկոսով
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` 2015 թվականի առաջին եռամսյակում վրացական գինու արտահանման ծավալը նվազել է 67 տոկոսով` համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ:
Այս մասին հայտնել է Վրաստանի Գինու ազգային գործակալությունը: Հաշվետու ժամանակահատվածում աշխարհի 25 երկրներ արտահանվել է վրացական գինու ավելի քան 5.1 միլիոն շիշ (0.75 լիտր): Հաշվետու ժամանակահատվածում արտահանվել է 15.1 միլիոն դոլարի արտադրանք:
Վրաստանի Գինու ազգային գործակալությունն ընդգծել է, որ այս տարի նման անկում է գրանցվել` համեմատած նախորդ տարվա հաշվետու ժաամանակահատվածի հետ, երբ ռուսական շուկայի բացվելուց հետո գրանցվել էր վրացական գինու արտահանման բում (15.488.184 շիշ):
Գործակալությունն արտահանման անկումը պայմանավորում է Ռուսաստանի ու Ուկրաինայի քաղաքական-տնտեսական իրադարձություններով, ինչի հետևանքով դեպի Ռուսաստան վրացական գինու արտահանման ծավալը նվազել է 83 տոկոսով, իսկ դեպի Ուկրաինա` 63 տոկոսով:
Միևնույն ժամանակ արտահանման ծավալն աճել է ռազմավարական այնպիսի կարևոր շուկաներում, ինչպիսիք են Չինաստանը` 64 տոկոս, Ճապոնիան` 194 տոկոս, Կանադան` 250 տոկոս, Մեծ Բրիտանիան` 130 տոկոսը, Էստոնիան` 15 տոկոսը, Լեհաստանը` 3 տոկոս և այլն:
Չնայած այդ ամենին` Ռուսաստանը նախկինի նման հանդիսանում է արտահանման հիմնական շուկա: Այս տարվա առաջին երեք ամիսներին Ռուսաստան է արտահանվել 1.823.241 շիշ վրացական գինի: Երկրորդ խոշոր շուկան Ղազախստանն է` 1.028.592 շիշ, ապա գալիս են Ուկրաինան` 655.110 շիշ, Չինաստանը` 364.778 շիշ և Լեհաստանը` 352.658 շիշ: