Սփյուռքից պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սէֆիլյանին և նրա համախոհներին

Ազատ Օրդուխանյանը, ով Գերմանիայի Հայ ակադեմիականների միության ղեկավարն է, իսկ մինչև անցյալ տարի ղեկավարել է գերմանահայ համայնքը և Գերմանիայից միայն երեկ է ժամանել Հայաստան, այսօր «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունների և հետապնդումների դեպքերի առթիվ տարբեր երկրների հայ համայնքների կողմից ունի որոշակի ուղերձներ՝ ուղղված մեր իշխանություններին:

«Ինձ խնդրեցին Բելգիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Իտալիայից, Չեխիայից և մյուս երկրներից, որտեղ գործում են հայկական վերածնունդի մասնաճյուղերը, որպեսզի փոխանցեմ իրենց պատգամը: Ես՝ որպես իրենց խոսնակ, պահանջում եմ հայկական իշխանություններից՝ անհապաղ ազատել հայ բազուկին: Այսօր հայ բազուկը չի կարող գտնվել ճաղերի հետևում, դա անընդունելի է մեզ համար, անընդունելի է նաև առաջադեմ Արևմուտքի համար, մարդկության համար: Իմ ընկերները խնդրել են նաև փոխանցեմ, որ եթե չլսվի ժողովրդի գոնե այս հատվածի ձայնը, ինչ են պատրաստվում  անել սփյուռքյան որոշ կազմակերպություններ,  հատկապես՝ «Հայկական ռենեսանսը»: Նրանք պատրաստել են բողոքի նամակներ, որոնք պետք է ուղղվեն ՄԱԿ-ին, Եվրոպական պառլամենտին, իրենց երկրների պառլամենտներին, Մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին, իրենց երկրների այդ կազմակերպությունների տեղական մարմիններին, եվրոպական բոլոր մեծ կուսակցություններին»,- ասաց նա:

Ա. Օրդուխանյանի փոխանցմամբ՝ երկրորդ ակցիան, որը պատրաստվում է իրականացնել հայկական սփյուռքը, եթե ազատ չարձակվեն Ժիրայր Սէֆիլյանը և նրա համախոհները, պետք է լինի՝ դիմել աշխարհի բոլոր ֆինանսական կառույցներին, որոնք ինչ-որ թելերով կապված են Հայաստանի հետ, որպեսզի դադարեցվի ֆինանսական աջակցությունը Հայաստանին. «Տնտեսական բոլոր պրոյեկտները, պետք է պահանջվի, որ դադարեցվեն, այսինքն՝ բոլոր հնարավոր տնտեսական,  քաղաքական, դիվանագիտական միջոցներով պետք է փորձենք, որ տղաների գլխից մեկ մազ չպակասի, և նրանք ժամ առաջ դուրս գան»: Հայկական սփյուռքի մյուս ակցիան, ըստ նրա, պետք է լինի այն, որ կազմակերպեն բողոքի ակցիաներ հայկական դեսպանատների առաջ. «Մյուս  ակցիան, որը պատրաստվում է կազմակերպել երիտասարդ սփյուռքահայերի մի մեծ խումբ, կլինեն շուրջօրյա միտինգներ հայկական դեսպանատների դիմաց ամբողջ աշխարհում, որտեղ գործում են հայկական դեսպանատներ՝ պահանջով, որ տղաներն ազատ արձակվեն, և տղաների գլխից այսօր մի մազ չպակասի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս