Բաժիններ՝

Փոսից դուրս գալու ճանապարհը

Վերջին շրջանում տնտեսական լրահոսի ամենաակտուալ թեման դարձել է դեպի Ռուսաստան արտահանման խնդիրը։ Հայաստանից ՌԴ արտահանողները վերջին ամիսներին հայտնվել են դժվարին իրավիճակում։ Պատճառը ռուբլու արժեզրկումն էր, որի արդյունքում հայկական ապրանքները ռուսական շուկայում դարձել են ոչ մրցունակ։

Մինչ առաջ անցնելը մի պարզ օրինակով ցույց տանք, թե խնդիրն ինչում է։

Ենթադրենք` ինչ-որ մեկն արտադրում ու ՌԴ է արտահանում կոնյակ, որի 1 շշի ինքնարժեքն ու տեղափոխման ծախսը միասին կազմում է 8000 դրամ։ 2014 թվականի սկզբին դա կազմում էր շուրջ 20 դոլար: Արտահանողը դրա վրա դնում էր 25%-անոց շահույթի մարժա և վաճառում ռուսներին` 25 դոլարով։ Ռուսներն այդ գնի վրա ավելացնում էին ևս 20% և վաճառում 30 դոլարով (դա կազմում էր շուրջ 980 ռուբլի)։ Բոլորը գոհ էին և երջանիկ։

Ի՞նչ տեղի ունեցավ հետո` ռուբլին արժեզրկվեց։ Այսօր այդ 980 ռուբլին այսօր կազմում է շուրջ 17 դոլար։ Ռուսները չեն կարող կոնյակը գնել 25 դոլարով և վերավաճառել 17-ով։ Ու ոչ էլ ցանկանում են թանկացնել իրենց վաճառքի գինը` 980-ից հասցնել, ասենք, 1700 ռուբլու։ Բանակցելուց ու երկար ծանրութեթև անելուց հետո մի կերպ համաձայնում են վաճառքի գինը հասցնել 1100 ռուբլու, ոչ ավելի։ Սակայն, որպեսզի շահույթը պահպանեն, նրանք պահանջում են, որ հայկական կողմը կոնյակը մատակարարի ոչ թե 25 դոլարով, այլ 16-17 դոլարով։

Կարդացեք նաև

Կարո՞ղ է արդյոք հայ մատակարարը համաձայնել այդ պայմանին։ Հիմա տեսեք, քանի որ դրամը նույնպես արժեզրկվել է դոլարի նկատմամբ` արտադրող-արտահանողի համար դոլարով արտահայտված ինքնարժեքը նվազել է` 8000 դրամն այժմ արժե շուրջ 17 դոլար` նախկին 20-ի փոխարեն։ Այսինքն` տեսականորեն դա հնարավոր է, սակայն պետք է հրաժարվել շահույթից, իսկ որոշ դեպքերում` աշխատել վնասով։ Ի դեպ, որոշ գործարարներ առայժմ հենց այդպես էլ վարվում են` շուկան չկորցնելու համար։ Սակայն երկար ձգել չեն կարող։ Իսկ մեծ մասը պարզապես հրաժարվում է ռուսական շուկայից։

Ո՞րն է ելքը։ Ահա այստեղ է, որ ամեն ինչ բարդանում է։ Տնտեսագետների մի մասը գտնում է, որ դրամը պետք է ավելի շատ արժեզրկել դոլարի նկատմամբ։ Արժեզրկել այնքան, որքան արժեզրկվել էր ռուբլին։ Այդ դեպքում միայն փոխարժեքի գործոնը կդադարի խանգարել արտահանողներին։ Ըստ հաշվարկների, ռուսական շուկայում նախկին շահութաբերությամբ աշխատելու համար դոլարի գինը պետք է հասնի շուրջ 650 դրամի։

Այդ դեպքում մեր բերած օրինակում 1 շիշ կոնյակը կարժենա արդեն շուրջ 12.5 դոլար, և արտահանողը կկարողանա շահավետ գնով` 16 դոլարով վաճառել։ Ուրեմն ի՞նչ` արժեզրկե՞լ դրամը` մինչև 650 դրամ կամ ավելի։

Տնտեսագետների մի մասը կարծում է, որ այո։ Օրինակ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն օրերս ասել էր, որ դրամը պետք է թեկուզ պլանավորած արժեզրկել։ Ու այդ առիթով Բագրատյանը սուր քննադատության էր ենթարկել ՀՀ Կենտրոնական բանկին` դրամի կուրսը պահելու և արտահանողներին վնասելու համար։

Տնտեսագետների մեկ այլ խումբ գտնում է, որ դրամի արժեզրկումը սխալ է։ Նրանք համարում են, որ դա կբերի սարսափելի գնաճի, քանի որ ՀՀ սպառման մեջ ներմուծվող ապրանքները մեծ կշիռ ունեն։ Ավելին, նրանք համարում են, որ արտահանմանը դա էապես օգնել չի կարող, քանի որ թանկանալու են նաև ներմուծվող հումքն ու վառելիքը։ Ու, ըստ այդմ` տնտեսագետների այս խումբը սխալ է համարում ԿԲ-ին քննադատելը, քանի որ ԿԲ-ն կատարում է օրենքով իրեն վերապահված գլխավոր գործառույթը` թույլ չի տալիս, որ գները կտրուկ աճեն։

Սա այն դեպքն է, որ կողմերից ոչ մեկը մյուսին համոզել չի կարող։

Իսկ կոնկրետ Հայաստանի պարագայում որքանո՞վ կապ ունի փոխարժեքը արտահանման հետ, և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ դրամի արժեզրկումը։ Այս հարցին պատասխանելու համար եկեք դիտարկենք վերջին 15 տարվա մեր ցուցանիշները։

Փոխարժեքն ու ՀՀ արտաքին առևտուրը` 2000-2014 թվականներին

Այն, որ սեփական արժույթի թուլանալը ձեռնտու է երկրի արտահանողներին, դասագրքային ճշմարտություն է։ Սակայն դասագրքային ճշմարտությունները ոչ միշտ ու ոչ բոլոր երկրներում են աշխատում։ Արտահանման վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ Գծապատկեր 1-ում մենք առանձնացրել ենք վերջին 15 տարիների փոխարժեքի ցուցանիշներն ու առևտրի տվյալները։ Ու թեպետ սա մասնագիտական խորը հաշվարկ չէ, այդուհանդերձ, թույլ է տալիս նկատել որոշակի օրինաչափություն` դրամի փոխարժեքի և արտահանման միջև (տես` գծապատկեր 1)։

gcapatker2-1

Այսպես, 2000-ականների սկզբին դրամն արժեզրկվում էր դոլարի նկատմամբ (1999-ի վերջին 1 ԱՄՆ դոլարն արժեր 520 դրամ, 2000թ. վերջին` 552 դրամ, 2001-ին` 561 դրամ, 2002-ին` 585 դրամ)։ Այդ տարիներին Հայաստանից արտահանման աճի տեմպը գերազանցում էր ներմուծման աճի տեմպին։ Ասենք` 2000 թվականին արտահանման աճը կազմել է 27.4%, ներմուծմանը` 10.4%։ 2001 թվականին, համապատասխանաբար, 14.1% աճ, 1.2% նվազում, 2002-ին` 48.4% և 12.9%։ 2003 թվականից դրամը սկսեց արժևորվել։ 5 տարի շարունակ` 2003-2007թթ., ՀՀ դրամն արժևորվում էր (2007-ին 1 դոլարի փոխարժեքը հասավ 304 դրամի)։

Ինչպես տեսնում եք, արդեն 2004-ին ներմուծման աճը սկսեց գերազանցել արտահանմանը։ Այդ միտումը շարունակվեց մինչև 2008 թվականը, երբ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը հասավ արդեն 3.3 միլիարդ դոլարի։ 2009-ի մարտին դրամը «բաց թողեցին», և այն արժեզրկվեց միանգամից 23%-ով։

Հաջորդ տարիներին դրամը շարունակեց սահուն արժեզրկումը, ու, ինչպես երևում է գծապատկերում` Հայաստանի արտահանման աճի տեմպը սկսեց կրկին գերազանցել ներմուծմանը։

Փաստորեն, Հայաստանի պարագայում որոշակի օրինաչափություն կարելի է գտնել փոխարժեքի և արտահանման միջև։ Թույլ դրամը նպաստում է արտահանմանը։ Սակայն կա մի բայց…

Умом Россию не понять

Մեր արտահանողների խնդիրներն այժմ կապված են հիմնականում ռուսական շուկայի հետ։ Մարդիկ չեն կարողանում ՌԴ ապրանք արտահանել։ Ու հատկապես ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, երբ մենք ավելի սերտ ենք ինտեգրվում ՌԴ շուկային, այս խնդիրն օրհասական է դառնում։

Իսկ ինչպիսի՞ն է կապը դրամ-ռուբլի փոխարժեքի և դեպի ՌԴ արտահանման միջև (տես` գծապատկեր 2)։ Որքան էլ տարօրինակ թվա` վերջին 15 տարիների զգալի մասը Հայաստանից Ռուսաստան արտահանման աճի տեմպը միշտ ավելի բարձր է եղել, քան Ռուսաստանից ՀՀ ներմուծման աճի տեմպը։

gcapatker2-2

Դա առավել ակնառու երևում է 2005-2008 ժամանակահատվածում, երբ դրամն արժևորվել է ռուսական ռուբլու նկատմամբ, սակայն արտահանման տեմպն ավելի բարձր է եղել (բացառությամբ 2006 թվականի)։ Այսինքն` ՌԴ-ի հետ մեր առևտրի վրա այլ գործոնները` աշխարհաքաղաքական և այլ բնույթի, թերևս, ավելի մեծ ազդություն ունեն, քան փոխարժեքը։

Ընդ որում, Ռուսաստանի հետ մեր արտաքին առևտուրը, փոխարենը` մեկ այլ օրինաչափություն ունի` 5 տարին մեկ այն անկում է ապրում է (թե՛ ներմուծումը, թե՛ արտահանումը)։ Անկում ունեցել ենք 2004-ին, 2009-ին և 2014-ին (չնայած այս անգամ երևի օրինաչափությունը խախտվի, քանի որ այս տարի ևս անկում է գրանցվելու)։

Կա՞ ելք

Ուրեմն ո՞րն է ելքը։ Փոխարժեքային միջոցներն այս դեպքում կարող են և՛ օգուտ տալ, և՛ վնասել. Այսինքն` հուսալի չեն։ Ցանկացած այլ պարագայում տնտեսագետները կառաջարկեին մեկ այլ` պարզ լուծում. կողմնորոշվել դեպի այլ շուկաներ։ Ռուսական շուկան ձեռնտու չէ՞` շեշտը դրեք եվրոպական և ասիական շուկաների վրա։ Սակայն դա այլևս իրատեսական չէ, քանի որ մենք արդեն դե յուրե ՌԴ-ի հետ միևնույն տնտեսական տարածքի մաս ենք կազմում։ Փախչելու տեղ, ինչպես ասում են, չկա։

Լավ, իսկ ինչպե՞ս անել, որ ռուսական շուկայից օգուտ ունենանք։ Պետք է արտահանել այնպիսի ապրանքներ, որոնք, չնայած գնին ու փոխարժեքին` մրցունակ կլինեն։ Ներկայումս մենք Ռուսաստան արտահանում ենք 70%-ով խմիչք և սննդամթերք։ Մերը թա՞նկ է` ռուսները կնախընտրեն ավելի էժանը։

Օրինակը միգուցե աբսուրդային հնչի, բայց iPhone գնելիս` ո՞վ է գինը համեմատում այլ ապրանքների հետ։ Ո՞վ է մտածում, որ իրականում 250 դոլար ինքնարժեք ունեցող սմարթֆոնը վաճառվում է 800 դոլարով։ Խոցելի՞ է այս ապրանքի վաճառքը փոխարժեքի նկատմամբ` միանշանակ ո՛չ։ Ուրեմն պետք է արտադրել այդպիսի ապրանքներ։ Չենք ասում` iPhone, սակայն պետք է շեշտը դնել նորմալ արտադրատեսակների, բարձր տեխնոլոգիաների, նորարարության վրա։ Չէ՞ որ մենք այդպես էլ մտադիր էինք անել` դառնալ գիտելիքահենք տնտեսություն։ Իսկ հիմա արտահանում ենք կոնյակ ու խեցգետին ու դժգոհում, որ փոխարժեքի պատճառով դրանք մրցունակ չեն։

Իսկ հնարավո՞ր է արտադրել մրցունակ ու նորարարական ապրանքներ։ Տեսականորեն` այո։ Սակայն դա արդեն տնտեսագիտական հարթությունից դուրս է։ Ընդամենը 2 օր առաջ Հայ ընդհանուր բարեգործական միությունը քննարկում էր կազմակերպել, որի ընթացքում դասախոսություն կարդաց ԱՄՆ-ում բնակվող հայազգի հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն։ Նա կրկին անգամ հիշեցրեց, որ Հայաստանի տնտեսական խնդիրների հիմքը քաղաքական համակարգի մեջ է։ «Այո, Հայաստանի տնտեսական զարգացման վրա ազդում են շատ գործոններ` աշխարհագրական դիրքը, ճիշտ որոշումներ կայացնելու անբավարար ունակությունները, որը միգուցե գալիս է կոմունիստական ժամանակներից։ Սակայն ճշմարտությունն այլ տեղ է»,- ասաց Աճեմօղլուն։ Ճշմարտությունը, ըստ նրա, նորմալ ինստիտուցիոնալ համակարգ ձևավորելն է։ Նորմալ տնտեսություն զարգացնելու համար պետք է ունենալ ոչ թե` կորզող, այլ ներառող` inclusive համակարգ։

Իսկ անկատար քաղաքական կառուցվածք ունեցող երկրներում, որտեղ չկա բազմակարծություն, չկան կայացած ինստիտուտներ, օրենքի իշխանություն, մրցակցություն, թափանցիկություն, նորարարական տնտեսություն զարգացնել հնարավոր չէ։ Ռեժիմը կլանում է աճի բոլոր ռեսուրսներն ու լճանում։

Ոմանք կարող են ընդդիմանալ, թե` ավտորիտար ռեժիմներն էլ կարող են տնտեսական աճ, նորմալ հանրային բարիքներ ապահովել, բացառել բռնությունը, և այլն։ Սակայն, ինչպես նշեց Աճեմօղլուն. «Տվյալները դա չեն ապացուցում»։ Ըստ տնտեսագետի` եթե անգամ նման բացառություններ լինում են, դա դժվար է ձեռք բերվում, տեղի է ունենում հանգամանքների բերումով, և աճը երկարաժամկետ չի լինում։

Հանգամանքները, ցավոք սրտի, որպես կանոն ի վնաս մեզ են աշխատում։ Ուրեմն ելքը նորմալ երկիր կառուցելն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս