Սերժ Սարգսյանը որոշել է շահել Ծառուկյանի սիրտը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հատկապես ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված աննախադեպ հաշվեհարդարից հետո նրա փեսայի` Կարապետ Գուլոյանի երեկվա նշանակումը շատերի համար անսպասելի էր: Փետրվարի 12-ի իր ելույթում Ծառուկյանի հասցեին «օդում կախված» տարբեր մեղադրանքներ հնչեցնելով` Սերժ Սարգսյանը հետագայում ոչ միայն այդ ամենը թողեց «օդում կախված», այլև, փաստորեն, կարճ ժամանակ անց որոշեց շահել Ծառուկյանի սիրտը` նրա փեսայի կառավարմանը հանձնելով Կոտայքի մարզը: Թեպետ «սիրտ շահելը» խիստ հարաբերական է: Բանն այն է, որ Կ. Գուլոյանին Աբովյանի քաղաքապետի ընտրովի պաշտոնի փոխարեն տալով մարզպետի նշանակովի պաշտոնը՝ Սարգսյանը մի կողմից թվում է` Ծառուկյանին հաշտության ժեստ է անում, մյուս կողմից, սակայն, նրա ազդեցությունը փոքրացնում է Աբովյանում, իսկ հարկ եղած դեպքում Գուլոյանին մարզպետի պաշտոնից զրկելն էլ գրչի մեկ հարվածի խնդիր է:
Առհասարակ, Ս. Սարգսյանն արդեն որերորդ անգամ ցույց է տալիս, որ չունի ո՛չ քաղաքական, ո՛չ մարդկային սահմանափակումներ` այս կամ այն սկզբունքի վրա անհրաժեշտ պահին թքելու համար, եթե անգամ այդ թքի զգալի մասը հանրային դժգոհության քամին հետ է բերում իր երեսին: Իր կատարած բոլոր նշանակումներում նա մշտապես առաջնորդվում է այդ պահին իր իշխանության ամրապնդմանը և անձնական բիզնես շահերի սպասարկմանն ուղղված ընտրությամբ:
Հենց այդպիսի դրդապատճառներով էլ նա, ի դեպ, ուղիղ մեկ տարի առաջ պաշտոնանկ արեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին և նրա փոխարեն նշանակեց Հովիկ Աբրահամյանին: Անցել է մեկ տարի, և հիմա արդեն առավել քան տեսանելի է, որ ներկայիս Կառավարությունը նախորդից, մեղմ ասած, լավը չէ: Թեև բոլորի համար էլ ակնհայտ էր, որ Աբրահամյանին Կառավարություն չեն բերել լավ աշխատելու համար, հակառակ դեպքում Ս. Սարգսյանը դրանից դեռ կես տարի առաջ պաշտոնանկ կաներ այդպես էլ 7.2 տոկոս տնտեսական աճ չապահոված Տ. Սարգսյանին, ինչի խոստումը տվել էր հրապարակավ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։