ՆԱՏՕ-ն շարունակելու է իր ուժերն ընդլայնել Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն շարունակելու է իր ուժերն ընդլայնել Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում: Այս մասին հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քենին.
«Կանադան ու նրա միջազգային դաշնակիցները շարունակելու են իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ուժերի ընդլայնմանը»:
Կանադացի զինվորականներն ապրիլի 1-ին Լեհաստանում համատեղ վարժանքներ են սկսել լեհական բանակի հետ: Վարժանքները ստացել են «Լեռնային մարտիկ» (Mountain Warrior) անվանումը: Վարժանքների նպատակը լեռնային տեղանքում ՆԱՏՕ-ի զորամիավորումների փոխգործակցության մշակումն է: