ՀՀԿ-ական պատգամավորը պարզաբանում է, թե ինչ գործողություններ են իրականացնելու իշխանությունները «Հիմնադիր խորհրդարանի» քայլերը կանխարգելելու համար
«Ես չգիտեմ՝ պարոն Բաղդասարյանն ինչ է նկատի ունեցել, բայց ես էլ եմ կարծում, որ այն, ինչ պետության անվտանգությանը, Ցեղասպանության տարելիցի հետ կապած միջոցառումներին վտանգում է, իրոք պետք է լինեն կանխարգելիչ միջոցներ»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարության մասին, թե «Հիմնադիր խորհրդարանի»՝ ապրիլի 24-ից սկսվող գործողությունների հետ կապված պետք է իրականացվեն կանխարգելիչ միջոցառումներ՝ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Ըստ նրա՝ դրանք կարող են լինել հրապարակային բացատրություններ՝ մամուլով, որ հասարակությունը ինքը կանխարգելի և չգնա. «Ես կարծում եմ՝ պարոն Բաղդասարյանը դա է նկատի ունեցել, որ պետությունը, իր ունեցած սահմանադրական միջոցներով կանխարգելի այն, ինչ վտանգում է պետությանը, հասարակությանը: Խոսքը այդ միջոցների մասին է, և պետությունը պարտավոր է դա անել»:
Հարցին՝ եթե իրենք խաղաղ հավաք անեն, չի՞ կարելի ակնկալել, որ կլինեն ինչ-որ բախումներ, բռնություններ, Լ. Ալեքսանյանը պատասխանեց, որ շատ պայմանական է «խաղաղ հավաք անել» հասկացողությունը. «Դրա համար ես շեշտեցի, առաջինը՝ բացատրել հասարակությանը: Շատ խաղաղ հավաքներ կարող է 1 ժամում վերաճեն ամենաագրեսիվ հավաքների: Մենք տեսանք՝ ամենախաղաղ հավաքները, որոնք իրոք մարդու ներսից էր գալիս՝ Գյումրու ընտանիքի դեպքի հետ կապված, բայց արդեն սկսվեցին ուղղորդվել, որը կարող էր շատ բացասական հետևանքները ունենալ, եթե չլիներ պետության և ոստիկանության միջամտությունը»:
Լ. Ալեքսանյանը նկատեց, որ եթե հավաքվում է հասարակություն, հեշտ է հասարակության էմոցիաները ուղղորդել նույնիսկ այն ուղղությամբ, որի համար ինքը չի եկել այդ հավաքին:
Հարցին՝ իսկ ոստիկանության կողմից բացառո՞ւմ եք այդ սադրիչ գործողությունները, Լ. Ալեքսանյանը պատասխանեց, որ ինքը որևէ տիպի ուժային գործողության կողմնակից չէ, ընդհակառակը՝ դեմ է դրանց:
Մեր ճշտող հարցին՝ բայց չեք կարող բացառել, չէ՞, որ ոստիկաններն էլ կարող են հրահրել մադկանց, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց.
«Ես, համենայնդեպս, գիտեմ, որ իշխանությունները (գոնե բարձրագույն իշխանությունները՝ նախագահը, վարչապետը) ոստիկանապետին հանձնարարություն են տալիս, որ զերծ մնան, որովհետև դուք էլ եք հասկանում այսօր, որ դա պետք չէ ո՛չ երկրի նախագահին, ո՛չ մեր իշխանություններին, կամ որևէ մեկին: Ինչքան հնարավոր է՝ պետք է զերծ մնալ այդ տիպի բաներից, և կան հատուկ հանձարարականներ»:
Ըստ նրա՝ հիմա իրենք այդ կանխարգելիչ միջոցառումները իրականացնում են հրապարակային ձևով, որ մարդիկ հասկանան, որ այդ օրը պետք չէ նման գործողություններ անել:
Լ. Ալեքսանյանի խոսքով՝ իրենք կարող են «հազար անուն դնել» «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, ասել, որ նրանք դրսի ուժերի կողմից են հրահրվում, բայց չեն անում, որովհետև համոզված չեն, որ այդպես է:
Դիտարկմանը՝ բայց Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ նրանք ուղղորդված են մեր թշնամիների կողմից, Լ. Ալեքսանյանն այսպես արձագանքեց.
«Կարող ենք ասել, որովհետև երևույթը իրոք անսպասելի էր: Ես Սէֆիլյանին միշտ ճանաչել եմ որպես հայրենասեր մարդ, և ես զարմանում եմ և ես էլ չեմ կարող չմտածել, որ այսօր ուղղորդվում է այդ մարդը, այսօր իր արածներից ես ենթադրում եմ, որ այս մարդը ուղղորդվում է ինչ-որ տեղից, ինչ-որ նպատակների համար, որոնք բացարձակ կապ չունեն հայրենասիրության հետ»: