Բաժիններ՝

Ուղևորահոսքը՝ քիչ, երթուղին՝ անշահութաբեր. արդյունքում 14 թափուր երթուղի

Asparez.am-ը գրում է.  Յուրաքանչյուր տարվա սկզբին ներմարզային մրցութային հանձնաժողովի կողմից հաստատվում է տրանսպորտային մրցույթների անցկացման ժամանակացույցը: 2015 թվականի մայիսի 15-ին Շիրակի մարզում կկայանա հերթական ներմարզային երթուղիները սպասարկող ընկերությունների ընտրության մրցույթը, թվով 18 երթուղիների համար:

-4 երթուղիների սպասարկման ժամկետը լրանալուց հետո՝ համաձայն կառավարության 762-րդ որոշման սահմանած կարգի, մրցույթ է հայտարարվել, իսկ 14 երթուղիները եղել են թափուր եւ կրկնակի վերահայտարարվել է,-ասում է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:

Այս 14 երթուղիների ուղեւորահոսքի պակասի արդյունքում, ոչ շահութաբեր լինելու պատճառով, սպասարկող ընկերությունների կողմից մասնակցության հայտեր չեն ներկայացվում: Սա է պատճառը, որ երթուղիները թափուր են եւ բազմիցս մրցույթ է հայտարարվել: 14 երթուղիներից է Գյումրի-Նոր Ախուրյանը:

-Ավտոբուսն ուշ-ուշ է գալիս, դե, գյուղական պայմաններում դա նորմալ է, բայց եթե ավելի հաճախակի լինի, ապա այդքան չեն սպասի, հատկապես ձմռանը,-ասում է Նոր Ախուրյանի բնակչուհի տիկին Նվարդը, միաժամանակ հավելում, որ իրենց երթուղին սպասարկող վարորդից գոհ են, բայց ցանկալի կլիներ եւս մեկ տրանսպորտային միջոց լիներ:

Գյումրի-Նոր Ախուրյան երթուղին սպասարկում է ընդամենը մեկ ավտոբուս, սակայն խնդիրների առաջացման պատճառը ոչ միայն սա է, այլ նաեւ ճանապարհի ոչ բարվոք վիճակը: Բնականաբար, ավտոբուսի խափանման դեպքում, ինչը նման երթուղիներով ընթանալիս անխուսափելի է, բնակիչը կանգնում է լուրջ երկընտրանքի առջեւ` ինչ անել:

Հենց վարորդն է նշում, որ ավտոբուսի խափանման դեպքում դիմում են եւ փոխարինող մեկ այլ տրանսպորտային միջոց է տրամադրվում, մինչ ավտոբուսի անսարքությունը վերացվում է: Իրավիճակը նմանվում է փակ շղթայի. այլ տրանսպորտային միջոցի կարիք եւս կա, սակայն ճանապարհը վատ է, ուղեւորահոսքը՝ քիչ, երթուղին՝ անշահութաբեր:

Իսկ սահմանված մրցույթի ժամանակ հանձնաժողովին ներկայացվում է փաթեթ, որը տեղեկատվություն է պարունակում տրանսպորտային միջոցի, ընկերության տեխնիկական հնարավորությունների, վարորդների աշխատանքային փորձի վերաբերյալ:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս