ԱՄՆ-ը ուշադրությունը կկենտրոնացնի Բաքվի վրա` ի հակակշիռ ռուս-հայկական առանցքի. ամերիկացի վերլուծաբան

«Ռուսաստանը հետաքրքրված չէ ԼՂ հակամարտության բռնկմամբ»,- այս մասին, ի պատասխան 168.am-ի հարցի, ասաց ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, մի շարք համալսարանների դասախոս Գորդոն Հահնը «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույց-մամուլի ասուլիսի ընթացքում: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս Արևմուտքը կարող է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, քանի որ մի շարք փորձագետներ պնդում են, որ լարվածությունը հրահրում է Ռուսաստանը, նա պատասխանեց, որ չի կարծում, թե Ռուսաստանը հետաքրքրված է հակամարտության բռնկմամբ: Նրա որակմամբ` ԼՂ հակամարտությունը խիստ լոկալ հակամարտություն է: «Այն հիմնված է Երևանի և Բաքվի միջև առկա անվստահության և սովետական պետականաշինության ժառանգության վրա»,- նկատեց վերլուծաբանը:

Անդրադառնալով Արևմուտք-Հայաստան համագործակցությանը՝ անվտանգության ոլորտում, և Հայաստանին տրվելիք երաշխիքների հնարավորությանը` նա ասաց, որ քիչ հավանական է համարում, որ Արևմուտքը Հայաստանին տրամադրի երաշխիքներ: Նրա խոսքով` ԱՄՆ-ը արդեն բավարար չափով խնդիրներ ունի: «Իսկ Երևանը, երևում է, կատարել է իր ընտրությունը` հօգուտ Մոսկվայի՝ որպես իր պաշտպանի»,- նշեց Գորդոն Հահնը:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման հնարավոր եղանակներին` ամերիկացի վերլուծաբանը գտնում է, որ եթե Երևանն ու Բաքուն չեն կարողանում ինքնուրույն կերպով համաձայնության գալ, ապա հաշվի առնելով Ռուսաստանի նախկին սերտ կապերը Հայաստանի հետ և դրանց ամրապնդումը ԵՏՄ շրջանակում՝ երևակվում է երկու տարբերակ: «Առաջինը` հակամարտությունը նախկինի նման պայմանավորվելու է հենց իրենց` կողմերի կողմից, կամ Ռուսաստանի և Արևմուտքի մրցակցությամբ, ԱՄՆ-ը Ադրբեջանի կողմը կանցնի՝ որպես հակակշիռ հայ-ռուսական միությանը, կամ երկրորդ տարբերակը` կլինի հակամարտության կարգավորում Ռուսաստանի հովանու և երաշխիքների ներքո»,- մեկնաբանեց Գորդոն Հահնը:

Ամերիկացի վերլուծաբանը չի բացառում, որ նոր «սառը պատերազմի» սրման դեպքում կարող է լարվել նաև Ռուսաստան-Արևմուտք մրցակցությունը Հարավային Կովկասում: Ըստ նրա` դա արդեն տեղի է ունենում ՆԱՏՕ-ի «Ատլանտյան վճռականություն» ռազմական զորավարժությունները մինչև Վրաստան և մերձավոր Սևծովյան տարածաշրջան ընդլայնմամբ:

Կարդացեք նաև

«Բացի դրանից, խողովակաշարային պատերազմը, ավելի հավանական է, որ միայն սրվելու է, քանի որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խնդիրները պահպանվում են, իսկ ԵՄ-ն փորձում է վերջ դնել ռուսական էներգակիրներից կախվածությանը: Ռուսաստանի «Թուրքական հոսք» ծրագիրը ևս ազդանշան է այն մասին, որ Հարավային Կովկասը կդառնա էներգակիրների տարանցման ավելի նախընտրելի ուղի: Ռուսաստանի կողմից Հայաստանի հաջողակ «խնամքը» ԵՏՄ անդամակցության նպատակով տարածաշրջանի աճող աշխարհաքաղաքականացման ցուցիչն է: Ուստի, ԱՄՆ-ը, երևի թե, ավելի մեծ ուշադրություն կհատկացնի Բաքվին` ի հակակշիռ ռուս-հայկական առանցքի»,- նշեց Գորդոն Հահնը: Վերջինիս կարծիքով՝ տարածաշրջանում և դրանից դուրս տապալումներն ու տնտեսական ցնցումները, որոնք ճգնաժամ են առաջ բերում, կարող են դաս դառնալ Ադրբեջանի և Հայաստանի համար, որպեսզի նրանք հույս չդնեն Արևմուտքի վրա՝ Մոսկվայի բացասական արձագանքի պատճառով:

«Տարածաշրջանում Մոսկվայի մեծ շահերը և պատրաստակամությունը՝ դրանք պաշտպանել, անհաղթահարելի կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Եվրոպան չի հրաժարվել տարածաշրջանային երկրների հաշվին ընդլայնումից, և քանի դեռ ԱՄՆ-ը նախկինի պես հեռավորություն պահպանի տարածաշրջանից՝ զբաղվելով այլ ուղղություններով, թեև դեռ շարունակելու են ռեսուրսներ տրամադրել՝ ռուսական տիրապետությանը մարտահրավեր նետելու նպատակով»,- նշեց նա:

Ամերիկացի վերլուծաբանի համոզմամբ՝ Ուկրաինայի շուրջ ԵՄ-ի և Ռուսաստանի քաղաքականությունը հանգեցրել է անվտանգության ճգնաժամի: Դա, ըստ նրա, դատելով Ռուսաստանի և Արևմուտքի քայլերից, էլ ավելի է սրվելու, քանի որ

Վաշինգտոնը ճնշումներ է գործադրելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների նկատմամբ, որպեսզի նրանք իրենց ՀՆԱ-ի 2%-ը հատկացնեն սպառազինության ծախսերին, ինչը եվրոպական բանակը կդարձնի չափազանց թանկ հաճույք, ԵՄ-ն ստիպված է հետևել ՆԱՏՕ-ին, որը մեծացնելու է ճնշումները Ռուաստանի նկատմամբ՝ դնելով Եվրոպային «երկու կրակի» արանքում, Մոսկվան ստիպելու է, որպեսզի ՇՀԿ-ն ավելի ռազմականանա, աշխատելու է ՀԱՊԿ-ի ավելի վստահելի ռազմական ներուժի և BRICS երկրների կիսառազմականացման վրա:

 

Տեսանյութեր

Լրահոս