Մոնոպոլիստների պաշտպանը՝ ԱԺ-ում

ՀՀ Ազգային ժողովը, երկրորդ օրն է, քննարկում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015թ. գործունեության ծրագիրը: Հայաստանի տնտեսությունում մրցակցային իրավիճակը երեկ ԱԺ նիստում բուռն քննադատության արժանացավ:

Պատգամավոր Հրանտ Բագրատյանն Արտակ Շաբոյանին մեղադրեց, որ նա իսկապես չի հետևում ՀՀ-ում հակամրցակցային մթնոլորտին: Նա որակական և քանակական գնահատական պահանջեց, թե 2014-15 թթ. ընդհանուր մրցակցային դաշտն ի՞նչ փոփոխության է ենթարկվել Հայաստանում. «Աշխարհում գնահատվում է Գլոբալ մրցակցության ինդեքսը: Դուք փորձե՞լ եք, այդ ինդեքսին նմանակելով, գոնե մի ինդեքս էլ դուք հրապարակեք ՀՀ-ում, որ մենք իմանանք` առա՞ջ ենք գնում, թե՞ հետ»,- հարցրեց Բագրատյանը:

Ա.Շաբոյան հայտարարեց, թե հանձնաժողովի տեսադաշտում գտնվող բոլոր խնդիրներին լուծում է տրվել. «Մեր երկրում որևէ տնտեսվարող չի կարող ասել, որ որևէ հարցով դիմել է ՏՄՊՊՀ-ին, այդ խնդիրը գտնվել է մեր օրակարգում, և հանձնաժողովը բավարար հետևողական չի եղել»: Ա.Շաբոյանի խոսքով` տուգանքի ենթարկվածների քանակն ավելացել է, նաև ծավալն է մի քանի անգամ ավելացել, ամեն տարի 500-600 որոշում է կայացվում, երբ նախորդ տարիներին այդ թիվը մի քանի անգամ պակաս էր: Ըստ նրա` միջազգային ցուցանիշների համաձայն, մասնավորապես, Գլոբալ մրցունակության ինդեքսի 3 ցուցանիշով, որ մրցունակությանն են վերաբերում, ՀՀ-ն առաջընթաց է արձանագրել, երբ նախկինում բավականին ցածր դիրքերում ենք եղել. «Բացարձակ ցուցանիշով շատ առաջ չենք, բայց նախկինի համեմատ, ԱՊՀ-ի, Վրաստանի, Ադրբեջանի, Մերձբալթյան որոշ երկրների համեմատ` առջևում ենք գտնվում»:

«Դուք ուշադիր լսեք՝ ինչ եմ հարցնում»,- պատասխանից դժգոհեց Հ.Բագրատյանը` նշելով, որ ՀՀ-ում խոշորները խոշորանում են, և շուկաները կենտրոնանում են, իսկ շատ փոքր ձեռնարկություններ փակվում են, անգամ հարկահավաքներն են ասում, որ բիզնեսները փակվում են. «Հասկանալի է, որ պետք է գնայիք-ստուգեիք: Հլը ու չստուգեիք: Վերջը աշխատավարձ եք ստանում»:

Տնտեսության կենտրոնացվածության հետ կապված` Ա.Շաբոյանը հայտարարեց, որ ՏՄՊՊՀ-ն չի պայքարում խոշոր ընկերությունների դեմ, այլ պայքարում են խոշոր շուկաներում չարաշահումների դեմ, կենտրոնացված շուկաներում մրցակցության վիճակին են հետևում: Նա նշեց, որ խոշոր ընկերությունները տիրապետում են ֆինանսական մեծ ռեսուրսների և մրցակցային առավելություն ունեն ՓՄՁ-ների նկատմամբ, բայց ՏՄՊՊՀ խնդիրն է, որ թույլ չտան, որպեսզի չարաշահեն իրենց դիրքերը: «Բնականաբար, ավելի լավ կլինի, որ տնտեսվարողները շատանան, բայց բոլորը նշում են, որ քիչ տնտեսվարողներ են ավելանում, եղածն էլ չեն կարողանում խոշորանալ, և ԵՏՄ-ին անդամակցությունն այդ խնդիրը կլուծի»,- ասաց Շաբոյանը:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2015թ. մարտի 2-ին Սերժ Սարգսյանը ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում վերանշանակեց Արտակ Շաբոյանին, և այդ օրվա դրությամբ շաքարը ՀՀ-ում 395 դրամ էր, Թբիլիսիում՝ 280 դրամին համարժեք լարի: Ն. Փաշինյանը նշեց, որ ՀՀ շաքար ներկրում է մեկ անձ` ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը: Պատգամավորը հետաքրքրվեց, թե այս փաստն ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանի` Չեխիայի մայրաքաղաքում հայտարարության հետ, երբ մի սփյուռքահայի հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ-ում մեկ անձ շաքար ներկրում, Ս.Սարգսյանը պատասխանեց՝ «բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում 10 հոգով շաքար ներկրե՞ն»: Ն.Փաշինյանը նաև նշեց, որ Ավստրիայում բանանը 500 դրամի չափ է, ՀՀ-ում` 1300 դրամ, և հարցրեց՝ ի՞նչ կապ ունի դա այն հանգամանքի հետ, որ ՀՀ-ում կա բանանի ներկրման մենաշնորհ, և այդ մենաշնորհատերը ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանն է: «Առանց Միհրանի դաբրոյի` ոչ ոք չի կարող ՀՀ բանան ներկրել, առանց Սերժ Սարգսյանի դաբրոյի` ոչ ոք չի կարող շաքար ներկրել»,- ասաց Ն. Փաշինյանը:

«Նախ և առաջ Ձեր հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում»,- հակադարձեց Ա.Շաբոյանը՝ Փաշինյանի հայտարարությունները որակելով` որպես «անիմաստ ու անհեթեթ»։ «Բանանի ներկրման ոլորտում խնդիրը գտնվում է ՏՄՊՊՀ տեսադաշտում:

Խնդիրն ամբողջությամբ գտնվում է տնտեսագիտության ոլորտում: Մեր կառույցի համար բացարձակ նշանակություն չունի տնտեսվարողների սեփականատերերի կարգավիճակը, և ես չգիտեմ, թե որ տնտեսվարողի սեփականատերն ով է հանդիսանում: Մենք գնահատում ենք տնտեսվարողների գործունեությունը: Շաքարի դեպքում եթե նկատի ունեք «Ալեքս Գրիգը», այն հումքն է ներմուծում և արտադրում է, գործարանում մեծ ներդրում է կատարել, և առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը, ու տարվա մի մասը չի աշխատում: Եթե մրցակցություն լինի, պետք է երկրորդ գործարանը կառուցվի, բայց դա անիմաստ է տնտեսագիտորեն: Այս պարագայում, բնականաբար, նպատակահարմար չէ երկրորդ տնտեսվարողի առկայությունը: Մեր խնդիրն է` պայքարել մուտքի խոչընդոտների դեմ: Նման խոչընդոտներ չկան»,- ասաց Շաբոյանը:

Անդրադառնալով բանանի ներկրման խնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը` Շաբոյանը կրկին նշեց, որ ոլորտն իրենց ուսումնասիրության ներքո է գտնվում, մի անգամ ներկրող խոշոր ընկերությանը` «Քեթրին Գրուպին», պատասխանատվության են ենթարկել` գնագոյացման խնդրի հետ կապված: Ըստ նրա, բնականաբար, եթե նորից լինեն չարաշահումներ, ուսումնասիրություն կանեն ու մեղավորներին պատասխանատվության կենթարկեն:

Ն.Փաշինյանը չհամաձայնեց Շաբոյանի հետ ու հայտարարեց, որ եթե նա հետևեր այս ամբիոնից իր ասածին, կիմանար, որն է անհեթեթ ու անիմաստ. «Ձեզ նշանակողներն են անիմաստ ու անհեթեթ»:

Ա.Շաբոյանը կոչ արեց պահպանել էթիկայի կանոնները: Ըստ նրա` պատգամավորը թվեր է հրապարակում, որ իրականությանը չեն համապատասխանում: Նա նշեց, որ «Երևան սիթիում» շաքարը 369 դրամ է, իսկ մյուս երկրների հետ մեթոդաբանորեն ճիշտ չէ համեմատել:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, թե վերջերս հրապարակված հետազոտության համաձայն` ՀՀ-ում խոզի, տավարի, հավի մսի, ալյուրի, շաքարավազի և մի շարք այլ շուկաներում ներմուծվող ապրանքը վաճառվում է 100-200% և ավելի գնով, այսինքն` այստեղ ձևավորվում է գերշահույթ, և դա ստանում են ներկրողները: «Սրանից հետևում է, որ Դուք թերացել եք ներկրողների գերիշխող դիրքի չարաշահման դեմ պայքարի հարցում»,- ասաց Զուրաբյանը: Շաքարի հետ կապված առկա բնական մենաշնորհի հարցով Լ. Զուրաբյանը նշեց, որ Սահմանադրությամբ մենաշնորհը կարող է սահմանվել միայն օրենքով. «Այսինքն` այդ մենաշնորհը պետք է օրենքով բերեիք, ԱԺ-ում օրինականացնեիք»:

Ըստ ՏՄՊՊՀ նախագահի` եթե խոսում ենք օրենսդրության լեզվով, շահույթի չափն օրենսդրության խախտում չէ և շահույթի չափը նորմավորված չէ մեր երկրում:

Ներկայացված թվերի վերաբերյալ Շաբոյանը պաշտոնապես հայտարարեց, որ այդ թվերն անիրատեսական են, իրականությանը չեն համապատասխանում. «Մեր երկրում չկան նման գերշահույթներ, ու չկան նման տնտեսվարողներ: Ներմուծման գները վաճառքի գների հետ համեմատել ու սխալ գտնելը ճիշտ չէ, գնագոյացման հաշվարկները բավականին բարդ են»: «Ալեքս Գրիգի» վերաբերյալ Շաբոյանը նշեց, որ այն միայն շուկայի 90%-ն է զբաղեցնում, մնացածն այլ ընկերություններ են բերում սեփական օգտագործման ու վաճառքի համար:
«Փաստորեն, ստեղծվել է մենաշնորհի օրինականացման փայլուն օրինակ: Թողնվել է, որ 1% այլ ընկերություն բերի, ու այլևս խնդիր չի լինի օրենքի հետ: Ձեր պատասխանից սա է հետևում»,- եզրահանգեց Լ.Զուրաբյանը:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս