Բաժիններ՝

Պարզվե՞լ է արդյոք սպանության շարժառիթը, Վալերի Պերմյակովի երթուղին. անպատասխան հարցեր

«Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, առաջ քաշված վարկածները ստուգելու ուղղությամբ»,- այս մասին, ի պատասխան 168.am-ի գրավոր հարցման՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ կապված, ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվել էինք.

1. Արդյոք Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը տարվե՞լ է դեպքի վայր, նրա մասնակցությամբ կատարվե՞լ է քննչական փորձարարություն, թե՞ ոչ: Եթե նման գործողություն չի կատարվել, ապա խնդրել էինք հայտնել՝ արդյոք քննչական խումբը դրա անհրաժեշտությունը չի՞ տեսել, թե՞ Վալերի Պերմյակովը չի ցանկացել մասնակցել փորձարարությանը:

2. Արդյոք նշանակված փորձաքննություններով պարզվե՞լ է՝ դեպքի վայրում հայտնաբերված 28 պարկուճներն արձակված են եղել նույն զենքի՞ց, թե՞ ոչ, արդյոք դրանք կրակված են եղել դեպքի վայրում հայտնաբերված «AKC 74» տեսակի ինքնաձիգի՞ց, թե՞ ոչ, արդյոք Ավետիսյանների վնասվածքները պատճառվել են նույն զենքի՞ց, թե՞ ոչ, պարզվե՞լ է՝ փորձաքննությանը ներկայացված «AKC 74» տեսակի ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու հնարավորություն առկա՞ է, թե՞ ոչ, այդ ինքնաձիգի վրա կա՞ն արդյոք հետքեր, որոնք վկայում են դրա վրա խլացուցիչ ամրացնելու և հանելու մասին:

Կարդացեք նաև

3. Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների և Վ. Պերմյակովի՝ ՌԴ-ում միմյանց հետ առնչություն ունենալու հավանական վարկածը ստուգելու ուղղությամբ կատարված քննությամբ պարզվել է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամներից Հասմիկ և Աիդա Ավետիսյանները, Արաքսյա Պողոսյանը 2005թ. մինչև դեպքի օրը Հայաստանի սահմաններից դուրս չեն մեկնել: Սերյոժա և Արմեն Ավետիսյանները պարբերաբար մեկնել են ՌԴ, մասնավորապես՝ Մոսկվա, Կրասնոդար, Անապա, Սոչի և Ռոստով քաղաքներ: Արդյոք քննությամբ պարզվե՞լ է՝ այդ ժամանակահատվածում Սերյոժա և Արմեն Ավետիսյաններն առնչություն ունեցե՞լ են  Վալերի Պերմյակովի կամ նրա ընտանիքի հետ:

4. Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից հայ քննիչները վերցրել էին փորձանմուշներ՝ դեպքի վայրում հայտնաբերված հետքերի, վերցված փորձանմուշների հետ համեմատական, այդ թվում՝ դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ նշանակելու համար: Արդյոք ստացվե՞լ են նշանակված փորձաքննությունները, թե՞ ոչ:

5. Արդյոք պարզվե՞լ է Վալերի Պերմյակովի երթուղին ռուսական ռազմաբազայից մինչև Ավետիսյանների տուն, այնտեղից մինչև հայ-թուրքական սահման:

6. Արդյոք պարզվե՞լ է սպանության շարժառիթը:

7. Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ քննությամբ պարզվել է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի մոտ ձերբակալության պահին հայտնաբերված 3 հեռախոսները պատկանել են տուժողներին: Տուժողներից ո՞ւմ են պատկանել հայտնաբերված հեռախոսները, արդյոք մինչև դեպքը նրանց կողմից կատարվե՞լ կամ ստացվե՞լ են զանգեր Վալերի Պերմյակովի կողմից մինչև դեպքն  օգտագործված հնարավոր բջջային հեռախոսահամարներից:

Ի պատասխան մեր բոլոր հարցերի՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են. «Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործի շրջանակներում նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացության վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն մարտի 16-ին տարածել է հաղորդագրություն:

Ըստ այդմ՝ դեպքի վայրում հայտնաբերված և փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակներն արձակվել են «AKC 74» տեսակի ինքնաձիգից, որն ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ. Պերմյակովին և հայտնաբերվել դեպքի վայրում: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, առաջ քաշված վարկածները ստուգելու ուղղությամբ: Նախաքննության շահերից ելնելով՝ պարզաբանված մի շարք հանգամանքների վերաբերյալ մանրամասներ հրապարակել այս փուլում չենք կարող: Ստացված փորձաքննությունների եզրակացությունների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ՝ թույլատրելիության սահմաններում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս