Բաժիններ՝

Սիրիահայ գործարարները վարկի մայր գումարի սառեցման խնդրանքով պատրաստվում են դիմել կառավարություն

Սիրիահայ գործարարները նորից կառավարության աջակցության կարիքն ունեն: Արտադրության և ոսկերչության ոլորտում մասնագիտացած մի քանի սիրիահայ գործարարներ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեցին կառավարությանն ու հայ ժողովրդին, միաժամանակ խնդիրներ առաջ քաշեցին:

«Մենք շնորհակալ ենք արտոնյալ պայմաններով վարկ տրամադրել, սակայն այսօր 100-ից ավելի սիրիահայ գործարարներ կան, ովքեր չեն կարողանում իրենց վարկերը փակել, 10 հոգի արդեն հայտնվել է սև ցուցակում։ Հետո էլ երաշխավորների հարցը կա, մեզ այստեղ հայեր են երաշխավորել, չենք կարող վտանգել նրանց: Ուստի խնդրում ենք կառավարությանը գոնե 6 ամսով կամ 1 տարով հետաձգել մայր գումարի մարումը, մենք մի ձևով տոկոսները կփակենք»,- հայտնեց սիրիահայ գործարար Հրաչ Բալ-Մանուկյանը՝ նկատելով, որ մինչև դեկտեմբեր համեմատաբար լավ էին առաջ գնում իրենց գործերը, սակայն փոխարժեքի տատունումից հետո գրեթե շարժ չկա:

Եթե իրավիճակն այսպես շարունակվի, ըստ գործարարների, իրենք ստիպված կլինեն փակել իրենք բիզնեսները և գոյությունը պահելու այլ տարբերակներ փնտրել:

ՓՄՁ ԶԱԿ-ի ղեկավարի հետ հանդիպել նրանք չեն կարողանում, որովհետև ցանկանում են բարձրաձայնել իրենց խնդիրների մասին: «Ես մի քանի անգամ գնացել եմ, որ որպես երաշխավոր կառույց՝ խնդրեմ մեր խնդիրները բարձրաձայնել մնացած օղակներում, սակայն այնտեղ ասել են, որ տնօրենը հանդիպումների է»,- հայտնեց Հ. Բալ-Մանուկյանը:

Հայաստանում գործարարությամբ զբաղվելիս նրանք մի շարք խնդիրների են հանդիպում։ Ըստ գործարար Միքայել Կարապետի, ով մի տարվա մեջ երեք գործ է հիմնել և երեքն էլ՝ կարճ ժամանակ անց փակել, սպառման խնդիր կա: Ի տարբերություն տեղացի գործարարների, իրենք ապրում են վարձով, տարածքները միշտ վարձակալում են, և մյուս կողմից` ծանոթ չեն տեղական շուկային:

«Հալեպում 5-6 միլիոնանոց շուկա է, դու աշխատում ես քո արհեստանոցում, քո հաճախորդը գալիս քեզ գտնում է, իսկ այստեղ մենք ենք գործը թողած՝ հախաճորդ փնտրում։ Բացի դրանից, Սիրիայում հարկային արտոնություններ կան, նոր բիզնես սկսողներին 5 տարի հարկ չկա»,- հայտնեց Մ. Կարապետը:

Գործարարները պատրաստվում են իրենց անհանգստությունների մասին բարձրաձայնել գրավոր և նամակ են պատրաստել: Բացի վարկերի մայր գումարի սառեցումը, նրանք ևս մեկ խնդիր ունեն՝ իրենց օգնել իրացման հարցում և ավելացնել նախկինում տված 5 մլն դրամ վարկի սահմանը:

«Ես 28 աշխատող ունեմ, գործունեություն եմ ծավալում տեքստիլ արդյունաբերության ոլորտում, ինչպե՞ս այդ գումարով աշխատավարձեր վճարեմ, վարձակալության գումար տամ, հումք ձեռք բերեմ»,- հավելեց Հ. Բալ-Մանուկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս