«ՀՀ նախագահի հայտարարությունը նեղացած մարդու հայտարարություն էր». Արամ Կարապետյան

«Այդ հայտարարությունը շատ տեղին էր, ճիշտ էր, բայց ես մի քիչ կասկածներ ունեմ, որ դա արվում է զուտ Սերժ Սարգսյանի անհատական խնդիրները ծագելու պարագայում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ խոսելով երեկ տեղի ունեցած՝ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին, թե Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Ըստ Ա.Կարապետյանի՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն արդարացի չէ, եթե մենք ռազմական, ստրատեգիական դաշնակիցներ ենք. «Ստրատեգիական դաշնակիցների պարագայում ի՞նչ է նշանակում՝ մեր հակառակորդ երկրին զենք վաճառել, ինչքան էլ դա բացատրվի իր բիզնեսով: Այսինքն՝ մարդկային արդարություններն էլ են մեր կողմը»:

Միաժամանակ Ա. Կարապետյանը ՀՀ նախագահի վերոնշյալ հայտարարության մասին ասաց, թե այստեղ մի մեծ «բայց» կա. «Հենց մեզ Աստանա չեն կանչում, հենց ինչ-որ բան այնպես չի դասավորվում, ինչ-որ ֆինանսական հարցեր չեն լուծվում, հայտարարություն է արվում: Դա նեղացածության արտահայտություն է: Այսինքն՝  նեղացածության արտահայտությունը քաղաքականության մեջ հենց այդպես էլ գնահատվում է»:

Հարցին՝ այսինքն՝ այդ հայտարարությունը պետք է ավելի վա՞ղ արվեր, Ա.Կարապետյանը պատասխանեց, որ այդ հայտարարությունը պետք է լիներ միշտ, գործողությունների շարք պետք է լիներ, որը գուցե չտեսնեինք, բայց «զգայինք»:

Կարդացեք նաև

«Դա կոչվում է ներքին լոբբինգ: Հայաստանի դեսպանատունը Ռուսաստանում, հայկական օլիգարխները, որոնք գնում-գալիս են, սրանց-նրանց բարիշացնում են, այդ բոլորն իրար հետ ներքին համապատասխան գործողությունների շարք պետք է ապահովեին՝ ներքին նոտաներով, որ անպայման չէ, որ դա բացահայտ ասվեր: Այսինքն՝ պետք է ցույց տրվեր, որ մենք կատեգորիկ դրան դեմ ենք: Հիմա դուրս է գալիս՝ նեղացածություն է, հենց մի քիչ այնպես չէ, Սերժ Սարգսյանը հայտարարություն է անում: Մի հատ էլ այդպիսի հայտարարություն, կարծես, Արգենտինայում, չէ՞, արեց: Հետո՞ ինչ, որ արեց, դա ի՞նչ տվեց»:

Հարցին՝ ՀՀ նախագահի այդ հայտարարությունն ինչպե՞ս կանդրադառնա ռուսական կողմի գործողությունների վրա, Արամ Կարապետյանն այսպես պատասխանեց.

«Ռուսական կողմի գործողությունների տրամաբանությունը դուրս է գալիս ռուսական գործող շահից: Ես հասկանում եմ, որ Ռուսաստանն իր ազգային շահերից է ելնում, և մի հայտարարությամբ՝ դրա դեմն առնելն անհնար է: Այդ հայտարարությանը վերաբերվելու են՝ ինչպես նեղացած մարդու հայտարարությանը կվերաբերվեին, այսօր նեղացած է, վաղը մի բան կլինի՝ նեղացած չի լինի: Գործընթացը շարունակվում է, չէ՞»:

Հարցին էլ՝ այս ամենից հետո կարելի՞ է ակնկալել, որ Աստանայում կայանալիք ԵՏՄ անդամների հանդիպմանը հայաստանյան կողմին էլ հրավեր կուղարկեն, Ա.Կարապետյանն այսպես արձագանքեց.

«Հիմա այնպես էլ մի բան չէ մեր վիճակը, բայց դա կլինի կրկեսային ներկայացում: Օրինակ, ինքս շատ կուզեի՝ այդպես լիներ, կերևար, որ կրկես էր: Մեր տղաները մահանում են նաև այդ զենքի կիրառումից, իսկ Ադրբեջանը համարում է, որ այդ զենքը գնելով՝ ինչ-որ առումով նաև Ռուսաստանի աջակցությունն է ստանում: Այսինքն՝ իրավիճակն ավելի վատթարանում է՝ մենք նայելու ենք՝ Աստանա կանչեցի՞ն, թե՞ չկանչեցին, Սերժ Սարգսյանին Պուտինը զանգե՞ց, չզանգե՞ց, հիվա՞նդ Պուտինը զանգեց, թե՞ առողջ Պուտինը զանգեց»:

 

Տեսանյութեր

Լրահոս