
«ՀՀ-ն ընտրել է ԵՏՄ անդամակցության ճանապարհը, կիսով հղի չի կարելի լինել». Բորիս Տարասյուկ

«Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական միավորում է, բայց, անշուշտ, ունի նաև աշխարհաքաղաքական ինչ-ինչ նկատառումներ: Անշուշտ, մեծ տեղ կա ՀՀ-ի համար զարգացման առումով՝ լինելով ԵՏՄ մեջ, իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, բարեխիղճ կառավարում, մարդու իրավունքների, սոցիալական զարգացման, առևտրի հարցերի գծով: Դժվար թե որևէ խոչընդոտ լինի»,- այսօր ՀՀ Ազգային ժողովում «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովից հետո ասուլիսում հայտարարեց «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալան՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե հնարավո՞ր է կամ կա՞ նման մտավախություն, որ ՌԴ-ն կխոչընդոտի ՀՀ-ԵՄ քաղաքական որևէ համաձայնագրի կնքմանը:
Ըստ նրա՝ ՀՀ-ի անվտանգության երաշխիքները կարող են լինել բարեփոխումները, նաև թափանցիկությունը, որոնք տեղի կունենան, նաև էներգետիկ կախվածությունը կարող է նվազել Ռուսաստանից:
Համանախագահ Բորիս Տարասյուկի խոսքով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հետ մեկտեղ ընդունվել է նաև Փարիզյան խարտիան, որը վերաբերում է նոր Եվրոպային, և այնտեղ ասվում է, որ ցանկացած պետություն բացառիկ իրավունք ունի ինքն ընտրելու՝ ում միանալ: Ըստ նրա՝ ինչպես Ուկրաինան, նմանապես Հայաստանն իավունք ունի ընտրելու, թե ում միանա:
«ՀՀ-ն ընտրել է ԵՏՄ անդամակցության ճանապարհը: Կիսով հղի չի կարելի լինել: Մենք Բրյուսելից շատ հստակ ազդակ ստացանք, որ չի կարելի է ԵՏՄ-ում լինել և առևտրի համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ»,- ասաց նա: