
ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել ՌԴ-ում աշխատել առանց թույլատրող փաստաթղթերի. Ռոմոդանովսկի

Ռուսական ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին հայտարարել է, որ Ռուսաստնում օտարազգիների աշխատելու համար նոր արտոնագրերի համակարգը, որը սկսել է գործել 2015 թվականի հունվարի 10-ից, ռուսական բյուջեին բերել է ավելի քան 1.6 միլիարդ ռուբլի:
Ռոմոդանովսկին հիշեցրել է, որ նախորդ տարի արտոնագրերի (այն ժամանակ դրանք տրվել են միայն ֆիզիկական անձանց մոտ աշխատելու համար) համար վճարներից բյուջեն համալրվել է 18 միլիարդ ռուբլով, իսկ այժմ այդ ցուցանիշը կարող է հասնել տարեկան 80-100 միլիարդ ռուբլու:
Ռոմոդանովսկին հիշեցրել է, որ նոր արտոնագրերն իրավունք են տալիս աշխատելու ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ իրավաբանական անձանց մոտ: Ռոմոդանովսկին հավելել է, որ տնտեսական ճգնաժամը Ռուսաստանում գործնականում չի ազդել աշխատանքային ներգաղթյալների թվի վրա.
«Եթե հաշվի չառնենք Ուկրաինայից եկողներին, ապա առկա է ներգաղթյալների հոսքի ոչ մեծ անկում, սակայն դա էական չէ: Հունվարի առաջին օրերին նրանց թիվը նվազեց 70 տոկոսով, սակայն ներկայումս դադարել է Ռուսաստան մուտք գործողների թվի անկումը:
Նախորդ տարվա համեմատ՝ օտարազգիների ելքն աճել է 14 տոկոսով, ինչը կապված է ոչ թե տնտեսական գործոնների, այլ՝ ապօրինի ներգաղթին հակազդելու մեր աշխատանքի հետ: Վիճակագրության համաձայն՝ օտարազգիների միայն մոտ 1/3-ն է, որ Ռուսաստան է գալիս ոչ աշխատելու նպատակով:
Մնացածը գալիս են աշխատելու, սակայն ոչ բոլորն են իրենց այցի նպատակի տակ նշում «աշխատանքը», ինչը և հանդիսանում է խախտում: Նման դեպքերում ներգաղթյալին չի տրվում ո՛չ արտոնագիր, ո՛չ էլ աշխատանքային գործունեություն թույլատրող փաստաթուղթ (վիզային երկրների համար):
Այդ օրենքն ընդունվել է ընդհանրապես ոչ վաղ անցյալում, սակայն արդեն իսկ ավելացել է այն օտարազգիների թիվը, որոնք որպես այցի նպատակ նշում են «աշխատանքային գործունեությունը»: Վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանում հիմնականում գալիս են Ուզբեկստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի ու Ղրղզստանի քաղաքացիները:
Քանի որ Հայաստանն արդեն իսկ անդամակցել է ԵՏՄ-ին, իսկ Ղրղզստանն ակտիվորեն պատրաստվում է դրան, այդ երկրների քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստանում աշխատել առանց թույլատրող փաստաթղթերի: Սակայն աշխատուժի ազատ տեղաշարժը չի նշանակում ամենաթողտվություն:
Մեր ավտոմատացված համակարգը խախտումների հայտնաբերման համակարգի դեպքում կգործի նաև այդ երկրների քաղաքացիների դեմ: Հավատացե՛ք, որ միգրացիոն կանոնների խախտման դեպքում մենք պարբերաբար փակում ենք Ղազախստանի ու Բելառուսի (նույնպես մտնում են ԵՏՄ-ի մեջ) քաղաքացիների մուտքը: Սակայն նրանց թիվը շատ մեծ չէ»: