Մոտակա ժամանակաշրջանում փոխարժեքի մեծ տատանումներ չեն լինի. վերլուծաբան
Վերջին 1-2 ամսում դրամի փոխարժեքը կայունացել է և մնում է 1 դոլարի նկատմամբ մոտ 480 դրամի շրջակայքում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց FOREX Club-ի երևանյան մասնաճյուղի վերլուծաբան-խորհրդատու Իրինա Սիմոնյանը, փոխարժեքի այս մակարդակը դեռ կմնա այդ միջակայքում և մոտակա ժամանակաշրջանում մեծ փոփոխություններ չեն լինի:
Սակայն, 5-6 ամսվա ընթացքում, ըստ նրա, դրամը, ամենայն հավանականությամբ, կրկին կսկսի արժեզրկվել: Ի. Սիմոնյանի խոսքով՝ պատճառը դոլարի ուժեղացումն է միջազգային շուկայում, այսինքն՝ հիմա այդ պրոցեսն ակտիվ գնում է և դեռ կշարունակվի. «Հայկական դրամը ներկայումս կապված է դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքի հետ և, երբ այնտեղ այդ փոփոխությունները նորից սկսվեն, իմ կարծիքով, հնարավոր է 2-3 ամսից ռուբլին նորից կարժեզրկվի և դա էլ կազդի դրամի վրա»:
Դիտարկմանը, որ ծիրանի արտահանումները սկսվելուց հետո սովորաբար դրամն ուժեղանում է, Ի.Սիմոնյանը նշեց, որ այս տարի ամեն ինչ կախված է համաշխարհային վիճակի հետ. «Արտահանման պրոցեսը կօգնի, որ դոլարի թանկացման գործընթացը շատ արագ ու կտրուկ չլինի: Սակայն կարծում եմ, որ փոխարժեքը կմոտենա 500 դրամին: Դրանից ավելի դժվար թե բարձրանա»: