Պե՞տք է արդյոք կրճատել բյուջեն. մասնագիտական կարծիքներ
Հայաստանի տնտեսությունը կրնկակոխ հետևում է համաշխարհային տնտեսության բացասական ազդակներին, խնդիրները գնալով ավելի են խորանում և մտահոգությունների տեղիք տալիս: Տարբեր տնտեսագիտական կարծիքներ են հնչում, որ ստեղծված իրավիճակում կառավարությունը պետք է նախաձեռնի կտրուկ քայլեր և անգամ՝ կրճատի պետական բյուջեն:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն անդրադառնալով բյուջեի կրճատման խնդրին՝ 168.am-ի հետ զրույցում նշեց, որ բյուջեն դեռ չընդունված` պարզ էր, որ այն տնտեսական իրական կյանքի հետ կապ չուներ, այն ընդամենն ընդունված փաստաթուղթ էր:
«Սովորաբար անդրադառնում են այն հատվածին, որը չի վերաբերում սոցիալական հատվածին՝ պաշտպանություն, կենսաթոշակներ, նպաստներ, կրթություն, առողջապահություն… Մնացած ծրագրերի հետ կապված՝ պետք է տեսնեն, թե որոնք կարող են իրականություն դառնալ 2015թ., դրանց ֆինանսավորումը թողնեն ուժի մեջ, իսկ որոնք իրականություն չեն կարող դառնալ` տնտեսական իրավիճակի հետ կապված, կրճատեն: Այլ մոտեցում էլ կա. ամբողջապես որոշակի տոկոսով կրճատել բոլոր ծախսերը և սկսել խնայողությունները»,- ասաց Վ. Խաչատրյանը:
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ կառավարությունը ծախսերի կրճատումը սկսի պետական կառավարման համակարգում աշխատավարձերի կրճատումից, վերջինս պատասխանեց, որ այս պահին նման ցանկություն չկա. հակառակը՝ տպավորություն է, որ Հայաստանում ոչ մի տնտեսական խնդիր չկա, ճգնաժամային իրավիճակ չէ, սովորական առօրյա իրավիճակ է. «Երկուսուկես ամիս է անցել, և պարզ է, որ մինչև տարեվերջ որևէ փոփոխություններ չեն լինի՝ տնտեսական պայմանները փոխելու, նախատեսված ծրագրերի համար ֆինանսներ գտնելու հետ կապված։ Կառավարությունն ապրում է իր կյանքով, տնտեսությունը՝ իր»:
Ըստ տնտեսագետի՝ կառավարությունն այսօր իրավիճակային հարցեր է լուծում, այսօրվա օրով ապրելու տրամաբանությամբ է գործում։ Տպավորություն կա, որ վաղը-մյուս օրը մի բան կլինի, նրանց բոլոր ցանկությունները մնում են ցանկություններ. «Գումար գտնելու հետ կապված՝ գումար էլ կա, շատ կա, այն էլ՝ բավականին մատչելի, բայց այն Հայաստանին տրամադրող չկա, քանի որ տնտեսական գործունեության ծավալելու պահանջներին այսօր եղած պայմանները չեն համապատասխանում»:
Վ. Խաչատրյանը նկատեց, որ մոտեցումները պետք է փոխվեն, երկրում մթնոլորտը պետք է փոխվի, ինչքան էլ սպասեն՝ այդ գումարներն օդից չեն գալու:
ԵՊՀ տնտեսագիտության ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար կառավարությունն արտաքին ֆինանսական աղբյուրներ գտնելու փորձեր է անում, թողարկում է եվրապարտատոմսեր միջազգային շուկայում տեղաբաշխելու համար. «Ժամանակակից միջազգային պրակտիկայում կիրառվող քայլ է, երկարաժամկետ չէ, և վատ կողմն այն է, որ ավելանում է պետական պարտքը, սակայն ցանկացած ֆինանսական ռեսուրսներ արդյունավետ օգտագործելու դեպքում պարտքը մարելու, ինչպես նաև տեղական ռեսուրսների հնարավորություններ է ստեղծվում»:
Ըստ տնտեսագետի՝ իրավիճակն ավելի գլոբալ է, եվրոպական երկրները, հարևան երկրները, Ռուսաստանը ճգնաժամի մեջ են, Հայաստանը չի կարող այդ ընդհանուր ազդեցությունից խուսափել, սակայն չի բացառում, որ կառավարությունը բոլոր տարբերակները սպառելուց հետո գոտիները ձգելու համար գնա բյուջեի կրճատման տարբերակին:
«Ես չեմ կարծում, որ պետք է սկսել աշխատավարձերի կրճատումներից: Ստեղծված իրավիճակում կառավարությունը պետք է բոլոր քայլերը դիտարկի այլ երկրների տնտեսական իրավիճակով, քանի որ մենք արտահանմամբ և ներմուծմամբ կախված ենք այդ երկրներից»,- հայտնեց Մնացականյանը:
Նրա կարծիքով՝ ձեռնարկված քայլը՝ եվրապարտատոմսերի թողարկումը, լավագույն լուծումներից մեկն էր, որ հնարավոր էր իրականացնել այս պահին: Այլ լուծումների հետ կապված` մեր զրուցակիցը նշեց, որ արդյունավետ կարող է լինել ներքին պարտատոմսերի թողարկումը, հարկաբյուջետային քաղաքականության վարումը՝ իրականացնելով օպտիմալ հարկային դրույքաչափերի ձևավորում, որը, սակայն, կարող է նաև զգայուն լինել և, մի փոքր շեղման պատճառով, հանգեցնել բացասական հետևանքների: