Բաժիններ՝

«100 LIVES» նախաձեռնության նյույորքյան մեկնարկն ակտիվորեն լուսաբանվել է միջազգային մամուլում

«100 LIVES» («100 Կյանք») նախաձեռնության նյույորքյան մեկնարկն ակտիվորեն լուսաբանել է նաեւ միջազգային մամուլը: Բրիտանական «The Economist»  պարբերականը «A new way to commemorate» (Հիշատակման նոր ճանապարհ) հրապարակման մեջ նշում է, որ հայկական սփյուռքի առաջատար գործիչները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին հոլիվուդյան աստղերի եւ իրավապաշտպանների հետ համատեղ հիմնել են ամենամյա մրցանակ, որը կշնորհվի նրանց, ովքեր հանուն մյուսների փրկության վտանգում են սեփական կյանքը:

Պարբերականը գրում է, որ ամերիկացի եւ այլ ազգերի միսիոներները ականատեսն էին սարսափելի այն ճակատագրի, որին արժանացան ավելի քան կես միլիոն հայեր 1915թ. գարնան սկզբին:

Անդրադառնալով Նյու Յորքում 100 Lives նախաձեռնության մեկնարկին, պարբերականը գրում է, որ դրա նպատակն է հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին եւ երախտագիտություն հայտնել կենդանի մնացածների փրկության համար:

«Ազգությամբ հայ մեկ ռուսաստանցի եւ մեկ ամերիկացի գործարար, համագործակցելով գիտնական եւ բարերար, Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի հետ, հանդես եկան ձեռնարկով, որը պատասխան է 1915թ. սարսափելի իրադարձություններին»,- ասված է հոդվածում:

Կարդացեք նաև

«100 Lives նախագծի առաջին նպատակն է բացահայտել փրկվածների ու փրկիչների պատմությունները: Երկրորդ մասը նախատեսում է մրցանակ հիմնել աշխարհի տարբեր ծայրերում ապրող այն մարդկանց համար, որոնք վտանգում են իրենց կյանքը՝ մյուսներին փրկելու համար»,- գրում է պարբերականը:

Ըստ հրապարակման՝ կան բազմաթիվ նախաձեռնություններ, որոնց նպատակն է ուսումնասիրել եւ դատապարտել ցեղասպանությունները, ինչպես նաեւ բազմաթիվ ձեռնարկներ՝ բացահայտելու եւ ճանաչելու նրանց, ովքեր վաղ կամ ոչ այնքան վաղ անցյալում խիզախորեն մարդկային կյանքեր են փրկել: «Այս նախաձեռնությունը կոչված է ծառայել բոլոր այդ նպատակներին՝ անկախ փրկողների կամ փրկվածների ազգային ու կրոնական պատկանելությունից»,- նվում է հրապարակման մեջ:

Մեկ այլ հեղինակավոր պարբերականի՝ daily mail-ում հրապարակված հոդվածը լայնորեն լուսաբանել է նախաձեռնության մեկնարկը՝ հատկապես ընդգծելով Ջորջ եւ Ամալ Քլունիների մասնակցությանը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված 100 Lives նախաձեռնության մեկնարկի արարողությանը:

«Ինձ համար մեծ պատիվ է առնչություն ունենալ 100 LIVES-ի հետ, քանի որ այն իմ՝ Not On Our Watch հիմնադրամի հետ միասին հանդես է գալիս ընդհանուր առաքելությամբ. ցեղասպանության վրա է սեւեռում գլոբալ ուշադրությունը եւ միջոցներ է ձեռնարկում` ամբողջ աշխարհում զանգվածային վայրագություններին վերջ տալու համար»,-ասել է Քլունին:

Պարբերականը հիշեցնում է նաեւ, որ Ամալ Քլունին Եվրադատարանում ներկայացնում էր Հայաստանը՝ ընդդեմ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատարանի առջեւ հայտնված Դողու Փերինչեքի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս