Իմ թիմը մեծ է, այդտեղ կարող են լինել նաև գողականներ. Մարտուն Գրիգորյան. news.am
news.am-ը գրում է. Մեծ քաղաքականության հետ կապված կար հիասթափություն: ԲՀԿ-ից դուրս գալու իր քայլը այսպես է մեկնաբանում Գյումրիից մեծամասնականով ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանի: Այս եւ այլ թեմաների հետ կապված մեր հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ:
Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք մեկնաբանում Ձեր՝ Գյումրիի քաղաքապետի ընտրություններին հնարավոր մասնակցության մասին լուրերը:
Գյումրիի քաղաքապետի ընտրությունների հետ կապված արդեն ասել եմ, որ բարոյական չեմ համարում, այս պահի դրությամբ գործող քաղաքապետը աշխատում է եւ դեռ ընտրություններին 2 տարի կա: Ես ճիշտ չեմ համարում քաղաքապետի հետ կապված այդ հարցադրումները: Լրատվամիջոցներով շրջանառվող այդ թեմաների հետ կապված միտում եմ տեսնում, որ դա արհեստական, արհեստածին քայլ է, դրանով փորձում են իմ ու Գյումրիի գործող քաղաքապետի հարաբերությունները խառնել, բայց դա չի ստացվելու: Այս պահի դրությամբ իմ նպատակն է աշխատել հանուն Գյումրիի եւ համատեղ աշխատանքի արդյունքում ինչ-որ հարցեր կարգավորել: Նորից եմ կրկնում, ընտրություններին դեռ երկու տարի կա, երբ ժամանակը լինի, ես հստակ դիրքորոշում կհայտնեմ:
Լրատվամիջոցներում տեղեկություններ կային, որ Դուք ԲՀԿ խմբակցությունից դուրս չեկաք, որպեսզի չկորցնեք գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Իսկապես, այդքան թա՞նկ է այդ պաշտոնը Ձեզ համար:
Որպես պատգամավոր՝ ես այս պահի դրությամբ զբաղվելու եմ Գյումրիի հարցերով, մեծ քաղաքականությունը, կուսակցական թեմաները ինձ չեն հետաքրքրում: Բոլորդ լավ գիտեք, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնը պայմանավորված է եղել իմ Գյումրիում ցույց տված արդյունքներով, թե 2012թ ԲՀԿ-ն այնտեղ ինչ հաջողություն է ունեցել: Ես գտնում եմ, որ այդ պաշտոնը, որ տրամադրվել է Ծառուկյանի կողմից, ես ու իմ թիմը վաստակել ենք, ավելորդ խոսակցություններ են, թե ես կառչած եմ եղել այդ պաշտոնից: Ընդամենը մի բան կարող եմ ասել, այս երկու տարիների ընթացքում հանձնաժողովը շատ ակտիվ է գործել, շատ կազմակերպված է աշխատել, բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել եւ իրականացնում ենք: Մենք հաշտ, համերաշխ աշխատում ենք, դրանով պայմանավորված որոշել եմ շարունակել իմ աշխատանքը հանձնաժողովում, բայց որ ասեմ խնդիրներ կան կամ կառչած եմ, բացարձակապես այդպես չէ:
Դուք ԲՀԿ-ից դուրս գալու հայտարարություն արել եք, բայց եթե մեկ բառով ասելու լինենք՝ ինչի՞ դուք եւս դուրս եկաք ԲՀԿ-ից:
Ես արդեն անդրադարձել եմ այդ հարցին, իմ ասելիքը ասել եմ, ընդամենը ավելացնում եմ, որ ես իմ քայլը արեցի բարոյական առումով Ծառուկյանից հետո, իսկ ընդհանուր առմամբ մեծ քաղաքականության հետ կապված նաեւ կար հիասթափություն
Ի՞նչ է սպասվում ԲՀԿ-ին, մեծ արտահոսք է սկսվել կուսակցությունից, նորընտիր նախագահը ԲՀԿ-ն հայտարարել է ընդդիմություն, ինչպե՞ս եք տեսնում այդ ուժի ապագան:
Չեմ կարող հստակ ասել, այն, որ ես ինձ չտեսա այդ ապագայի մեջ, դա փաստ էր, այնտեղ մնացածների հանդեպ մեծ հարգանք ունեմ, նրանք իմ ընկերներն են, գործընկերները: Իսկ ինչ վերաբերում է ապագային, մաղթում եմ հաջողություն իրենց աշխատանքում, եթե ունեն պլաններ, որոնք վերաբերում են Գյումրիին, պատրաստ եմ համագործակցելու
Այլ կուսակցությանը անդամագրվելու ցանկություն կա՞:
Ոչ, ոչ, կուսակցությունով չէ, որ կարողանամ աշխատանքներս կազմակերպել, ես հնարավարություններ ունեմ, մարդիկ հավատում են, հարգում են, ես կկարողանամ աշխատանքներս կազմակերպել ավելի անկախ, ազատ, անկաշկանդ:
Ի՞նչ է լինելու ձեր ղեկավարած ԲՀԿ-ական կառույցի հետ:
Դեռ այս պահին քննարկում չի եղել, այդ հարցը արդեն ինձ չպետք է տրվի, դուրս եմ եկել կուսակցությունից եւ կառույցի ղեկավար պաշտոնից: Երեւի թե այստեղ կուսակցությունը ուրիշ մեկին պետք է գտնի, ով կփոխարինի: Ով էլ որ լինի, այդքան դժվարություններ չի ունենա, որովհետեւ կայացած կառույց է:
Ծառուկյանի հետ շփվել, զրուցել, հանդիպել եք այս դեպքերի, ԲՀԿ-ի հետ տեղի ունեցած եւ իր հեռանալու շուրջ:
Ես մինչեւ ամսի 20-ը հանդիպել եմ պարոն Ծառուկյանին, ձեր թվարկած բոլոր հարցերի շուրջ զրուցել եմ նրա հետ, ստացել իմ տված հարցերի պատասխանները, որից հետո տեղում հայտնել եմ իմ որոշման մասին, այնուհետեւ մեր քաղաքի հարգված մարդկանց հետ քննարկումների արդյունքում ես իմ որոշումը կայացրել եմ:
Ծառուկյանը հայտնել է իր որոշման դրդապատճառը, ինչո՞ւ է նա հեռանում ակտիվ քաղաքականությունից:
Ես ինչ զրուցել եմ, դա մեր անձնական խոսակցությունն է, չեմ ցանկանում հրապարակել:
Վերջին օրերին Գյումրին նորից լրատվամիջոցների ուշադրությունների կենտրոևում է, Ձեր հայրենի քաղաքում նորից կրակոցներ, դիակներ, սպանություններ, ե՞րբ է այդտեղ խաղաղվելու վիճակը:
Դա կապ չունի իմ հայրենի քաղաքի հետ, մի քանի օր առաջ էլ Երեւանում օրը ցերեկով երեք երիտասարդ սպանվեց, այնպես որ սա անձնական, անհատական հողի վրա ստացված դեպքեր են, որով իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, այստեղ քաղաքական կամ չգիտեմ ինչ դրդապատճառներ չեմ տեսնում, կրիմինալ առումով մայրաքաղաքը եւս ետ չի մնացել:
Իսկ դուք մասնակցե՞լ եք Լեւոն Ղազարյանի հոգեհանգստին:
Ճիշտն ասած, այդ օրը Գյումրում եմ եղել, հավաք եմ ունեցել, իմ որոշումն եմ կայացրել, թե չէ ընդհանուր առմամբ խնդիր չէի տեսում մասնակցության մեջ:
Փաստորեն չեք հերքում ձեր առնչությունը գողական աշխարհին:
Եթե քաղաքում ունես մեծ թիմ, այդ թիմի մեջ կարող են լինել ձեր ասած գողականներն էլ, մանր-մունր հանցավոր կամ խուլիգանական արարաքներ թույլ տվողներ էլ, այս պարագայում ամեն ինչը բերել կապել կոնկրետ այդ անձի հետ, ճիշտ չեմ համարում: Եթե թիմդ մեծ է, այդտեղ կարող են լինել մարդիկ, ովքեր ունեն տարբեր պրոբլեմներ:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: