Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները ներկա են գտնվել քրեական գործով նշանակված փորձաքննություններին

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչներն այսօր ներկա են գտնվել քրեական գործով նշանակված դատաձգաբանական, դատահետքաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննությանը։

Ավելի վաղ նախաքննական մարմինը բավարարել էր տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունը՝ նշանակված համալիր փորձաքննությանը ներկա գտնվելու վերաբերյալ։

Վերջիններս հարցեր են ուղղել փորձագետներին, ստացել պարզաբանումներ, նրանց տեղեկություններ են տրամադրվել կատարվող փորձաքննության մեթոդների, կատարված աշխատանքի ծավալի, օգտագործված տեխնիկական միջոցների եւ ձեռք բերված արդյունքների վերաբերյալ։

Այնուհետեւ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ՀՀ քննչական կոմիտեում՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանի մոտ, որին մասնակցել են տուժողների իրավահաջորդները, նրանց ներկայացուցիչները, Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը, քրեական գործով քննչական խմբի քննիչները։

Քննարկվել են նախաքննությանը վերաբերող հարցեր, պարզաբանումներ են տրվել տուժողների իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, նախաքննություն գաղտնիք չհանդիսացող տեղեկություններ տրամադրվել քննության ընթացքի մասին։

Նման հանդիպումները կշարունակվեն։ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը կշարունակի տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների համար հնարավորինս մատչելի դարձնել քրեական գործի նախաքննության տվյալները։

Տեսանյութեր

Լրահոս