Բաժիններ՝

Հարկատուն դժգոհ է «Հարկատու 3»-ից

Հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը գործում է արդեն շուրջ 5 տարի, սակայն մինչ օրս այն պարբերաբար խնդիրներ է հարուցում հարկատուների համար:

Վերջին օրերին հարկային համակարգից բողոքողների թիվն ավելացել է: «168 Ժամի» հետ զրույցներում հարկատուները դժգոհում են «Հարկատու 3»-ի աշխատանքից, հաշվապահներին հասանելի չեն ՍՊԸ-ների, ԱՁ-ների տարեկան հաշվետվությունների ձևերը (ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 15-ն է), էլեկտրոնային հաշվետվությունը ստորագրված բեռնելիս` համակարգն ասում է՝ «Ստորագրության ստուգումը չի հաջողվել», այսինքն` փաստաթղթում համակարգի ստորագրությունը սխալ է, իսկ հենց Հարկային ծառայությունում չեն տրամադրում ընկերությունների հարկային պարտավորությունների մասին տեղեկությունները՝ պատճառաբանությունը նույնն է` համակարգը չի գործում:

Այս ամենից բացի, Ֆինանսների նախարարությունը մեկ այլ նվեր է մատուցել հարկատուներին` վերջիններիս առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը հասու դարձնելով բոլորին: Խոսքն այն մասին է, որ բացի նրանից, որ ՖՆ ցանկացած աշխատակից կարող էր բացել և տեսնել դուրս գրված կամ ստացված հարկային հաշիվներում արտացոլված տեղեկատվությունը, հիմա էլ դա հասու է դարձել այլ հարկատուների: Անգամ Հարկային ծառայության թեժ գծին հարկատուները դժվարությամբ են կարողանում զանգահարել:

«Լավ, մինչև ե՞րբ է շարունակվելու այս ամենաթողությունը: Տպավորություն է, որ մեզ վրա պարզապես փորձարկումներ են անում: Իսկ եթե հանկարծ մենք ենք մի օր ուշացնում հաշվետվությունները, քիչ է մնում քր.օրենսգրքի 205-րդ հոդվածով դատեն մեզ»,- նշում է հարկատուներից մեկն ու հավելում, որ Հարկային ծառայության հետ խնդիրների պատճառով մշտապես սթրեսի է ենթարկվում և արյան ճնշման հիվանդություն է ձեռք բերել:

Հարկատուները նաև կատակում են, թե գուցե հարկայինը վերադառնում է «թուղթ ու գրիչի դարաշրջան», բայց ռիսկ չի անում այդ մասին տեղեկացնել իրենց:
«Արդեն քանի տարի է` աշխատում են այս ծրագրերի վրա, բայց ամեն շաբաթ մի խնդիր բուսնում է: Գոնե մի օր ներողություն խնդրեն բոլոր հարկ վճարողներից` տարիներ շարունակ իրենց պատճառով նյարդերը քայքայելու համար»,- նկատում են հարկատուները:

Նրանց հարցադրումներին ի պատասխան` թե ե՞րբ կլուծվեն խնդիրները, ծառայությունից պատասխան չեն տալիս: Ընդ որում, երբ 2014-ին քննարկվում էր այս տարի հունվարի 1-ից հարկային հաշիվները պարտադիր էլեկտրոնային եղանակով դուրս գրելու պահանջի ներդրումը, որպես առարկություն` հարկատուների կողմից ներկայացվել էր համակարգի խափանումներով աշխատանքը, սակայն օրենսդրական փոփոխությունների հեղինակները հավաստիացրել էին, թե 2015 թ. հունվարի 1-ից համակարգը կգործի անխափան: Սակայն, նշում են հարկատուները, 2015 թ. հունվարի 1-ից հարկային հաշիվների պարտադիր էլեկտրոնայինը մտավ, իսկ համակարգում խափանումները պահպանվեցին:

Հարկային էլեկտրոնային համակարգում ստեղծված խառնաշփոթի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «168 Ժամը» հարցում ուղարկեց ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին` խնդրելով բացահայտել, թե ինչո՞ւ է համակարգը խափանվում, և ի՞նչն է խնդիրը: Միաժամանակ հետաքրքրվեցինք, թե որքա՞ն գումար է ծախսվել այս տարիներին համակարգի ստեղծման և սպասարկման համար: ՖՆ-ից մեզ վստահեցրին, որ հնարավորինս շուտ կպատասխանեն մեր հարցմանը: Այն ստանալուն պես, մենք ևս կհրապարակենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս