Ադրբեջանում մանաթի արժեզրկումը վատթարացրել է զինծառայողների սոցիալական պաշտպանությունը. Ջասուր Սումերինլի
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտը (Caspian Defense Studies Institute), որը գլխավորում է ռազմական փորձագետ, վտարանդիության մեջ գտնվող Ջասուր Սումերինլին, հայտնել է, որ Ադրբեջանում վատթարացել է զինծառայողների սոցիալական պաշտպանությունը՝ կապված մանաթի արժեզրկման հետ:
Սումերինլին ընդգծել է, որ զինծառայողների աշխատավարձերն առանց այդ էլ աննշան են. «Օրինակ, թիկունքում ծառայող լեյտենանտներն ամսական ստանում են ընդամենը 500 մանաթ, իսկ ենթասպաներն ու ժամկետային զինծառայության մեջ գտնվող սերժանտները՝ դրանից էլ քիչ:
Այդ գումարն ադեկվատ չէ երկրի ռազմական բյուջեին, որը կազմում է 4 միլիարդ դոլար: Սակայն այդ միջոցների 60-70 տոկոսն ուղղվում է սպառազինության գնմանն ու Պաշտպանական արդյունաբերության նախարարության պատվերներին: Խնդիրներ կան նաև զինծառայողներին բնակարանով ապահովելու հարցում:
Չնայած նրան, որ մի քանի տարի առաջ պետության ղեկավարը հրամանագիր է ստորագրել զինծառայողների բնակության պայմանները բարելավելու մասին, և մոտ 300-400 մարդ ստացել է բնակարաններ՝ մոտ 1000 գործող զինծառայող ու էլ ավելի շատ պահեստազորի սպա շարունակում են մնալ հերթի մեջ և հայտնի չէ, թե երբ կստանան բնակարան:
Քանի դեռ չկա անհրաժեշտ սոցիալական պաշտպանություն, կշարունակեն բանակում մնալ ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրները, սպաների մոտ կշարունակեն բացակայել կարերիայի առաջխաղացում ունենալու հույսերը: Բանակում առաջին հերթին պետք է ուշադրությունը կենտրոնացնել մարդկային գործոնի վրա»:
Սումերինլիի հաշվարկներով՝ այս տարի Ադրբեջանը պաշտպանության ու անվտանգության ոլորտում արդեն ունի 15 կորուստ: