Ադրբեջանի ՊՆ-ն ու ուժային մյուս կառույցները թաքցնում են իրենց մարտական կորուստները. Turan
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականին Ադրբեջանի պաշտպանության ու անվտանգության ոլորտի կորուստները կազմել են 15 զինծառայող: Ընդ որում՝ 8 կորուստը մարտական է, իսկ 4-ը՝ ոչ մարտական:
Այս տվյալները ներկայացրել է Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտը (Caspian Defense Studies Institute)՝ հենված ԶԼՄ-ների մոնիթորինգի ու սոցցանցերի վրա: 7 զինծառայող զոհվել է հայկական կողմի կրակոցներից, իսկ մեկ զինծառայող էլ պայթել է ականի վրա:
Ինչ վերաբերում է ոչ մարտական կորուստներին, ապա երկու զինծառայող մահացել է ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հետևանքով, մեկը՝ զենքի հետ անզգուշաբար վարվելու հետևանքով, ևս մեկը մահացել է հիվանդությունից: Բացի այդ, վիրավորվել կամ մարմնական վնասվածքներ է ստացել 5 զինծառայող:
Այս ամենի հետ մեկտեղ Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտը հայտնում է, որ նախորդ տարիների համեմատ դժվարացել է կորուստները մոնիթորինգի ենթարկելը: Պաշտպանության նախարարությունն ու ուժային մյուս կառույցները շատ դեպքերում թաքցնում են կորուստները:
Ինստիտուտի տեղեկություններով՝ իշխանությունների հանդեպ բարյացակամ տրամադրված ԶԼՄ-ներին հանձնարարականներ են տրվել տեղեկություններ չտարածել մարտական կորուստների մասին: Ինստիտուտը հայտնել է, որ նոր տեղեկություններ սանալու դեպքում կթարմացնի կորուստների վիճակագրական տվյալները:
Տվյալ ՀԿ-ը գլխավորում է Ջասուր Սումերենլին, ով ռազմական փորձագետ է և իշխանությունների ճնշումների ու հալածանքների հետևանքով հարկադրաբար լքել է Ադրբեջանը: