
Հայաստանում ՌԴ ԱԴԾ-ի Սահմանապահ վարչությունը մտադիր է բարելավել սահմանի պահպանման համակարգը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանում ՌԴ ԱԴԾ-ի Սահմանապահ վարչությունը պլանավորում է տեխնիկապես արդիականացնել սահմանի պահպանման համակարգը: Այս մասին հայտարարել է վարչության ղեկավար, գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը.
«Տեխնիկական արդիականացման աշխատանքներն ընթացքի մեջ են, այս տարի մեզ համար պետք է լինի վճռորոշ: Մենք տվյալ ուղղությամբ հետագա գործունեությունը դիտարկում ենք Հայաստանի հնարավորությունների և պետական պաշտպանության պատվերի շրջանակներում, որպեսզի ժամանակակից ինժներային-տեխնիկական միջոցներով հագեցնենք սահմանի առանձին հատվածներ»:
Նա ընդգծել է, որ իրենք այդ հարցում շարունակում են հույսեր կապել Հայաստանի կառավարության ու ՌԴ ԱԴԾ-ի Սահմանապահ ծառայության ղեկավարության աջակցության հետ: Բիրյուկովը հավելել է, որ ռուս սահմանապահները կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի սադրանքներ թույլ չտան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Բիրյուկովի խոսքերով՝ սահմանը պարբերաբար խախտում են Թուրքիայի քաղաքացիները, սակայն նրանց բացատրությունները վկայում են, որ խախտումներն արվում են ոչ միտումնավոր, և որ դրանք փոքր խախտումներ են: