Շարմազանովը հիշեցնում է Մելիք-Ադամյան 2-ի մասին իր հայտարարությունը. «Ազատություն»

Կյանքը վերահաստատեց, որ այսօր Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժը Հանրապետականն է, առաջիկա տասը տարիներին պետք է լինի Հանրապետականը, և որևէ մեկը, ով ցանկանում է Հայաստանում պաշտոն զբաղեցնել, առանց Մելիք-Ադամյան 2-ով անցնելու չի կարող հաջողության հասնել: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ հինգշաբթի երեկոյան իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո այդ մասին հայտարարել է կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով անցած տարվա իր աղմկահարույց հայտարարությունը:

2014 թվականի ապրիլին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի անակնկալ հրաժարականից շաբաթներ անց, Շարմազանովը հայտարարել էր՝ «եթե որևէ մեկը հավակնում է դառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ կամ վարչապետ, ապա այդ ճանապարհը ուղիղ անցնում է Մելիք-Ադամյան փողոցով»:

Երևանի Մելիք-Ադամյան 2 հասցեում է գտնվում ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակը:

Շարմազանովը երեկ երեկոյան ասել է․ «Հիշո՞ւմ եք, որ ասում էի՝ առաջիկա 10 տարիներին ամենաազդեցիկ քաղաքական ուժը պետք է լինի Հանրապետական կուսակցությունը, որովհետև ամենակուռ կառույցը, ամենագաղափարական կառույցը, ամենակարգապահ կառույցը, ամենամեծ մարդկային ռեսուրս և կարգապահական թիմ ունեցող կուսակցությունը Հանրապետական կուսակցությունն է: Եվ անկախ նրանից՝ ով ինչ պաշտոն է ուզում զբաղեցնի, առանց Մելիք-Ադամյան 2-ով անցնելու, այսինքն՝ առանց Հանրապետական կուսակցության կարծիքը հարցնելու՝ ծանրակշիռ կարծիքը, չի կարող հաջողություն ունենալ»:

«Դուք հիմա վերահաստատո՞ւմ եք», – «Ազատության» այս հարցին իշխող կուսակցության խոսնակը արձագանքել է․ «Ե՛ս չեմ վերահաստատում՝ կյա՛նքը վերահաստատեց, որ այսօր Հայաստանի ամենաազդեցիկ, ամենաառաջատար քաղաքական կուսակցությունը, իր թերություններով հանդերձ, մեր թերություններով հանդերձ, մեր պրոբլեմներով հանդերձ, ժողովրդի մոտ մեր խնդիրներով հանդերձ, որպես գաղափարական քաղաքական ազդեցիկ կուսակցություն, բերեք որևէ մեկս ճշմարտության առաջ չմեղանչենք, Հանրապետական կուսակցությունն է»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս