Սիլվա Համբարձումյանը պարզաբանում է, թե ինչու է սնանկացել «Կալաչ» գործարանը. «Մեր տղամարդիկ չգիտեն՝ կանանց հետ ոնց վարվեն, ոնց խոսեն»
Քանի որ ամբողջ աշխարհում հիմա աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում, բոլոր երկրներում հացը կթանկանա: Այս կարծիքին է գործարար Սիլվա Համբարձումյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ հունիսի 1-ին բացվելու է իր հացի նոր գործարանը.
«Ես ունեմ ամերիկացի ընկեր Նյու Յորքից, մի քանի ամիս առաջ հրավիրել էի այստեղ որպես տնտեսագետ՝ խորհրդատվության համար: Ինքը գիտի, որ ես շատ հզոր հացի գործարան եմ կառուցում, ասացի՝ ուզում եմ վաճառեմ, ասաց՝ թիվ գրեք, ես դնեմ իմ գրպանը, ես ձեզ հետ 2017 թվականին կխոսեմ: Այսինքն՝ ասում է՝ արագ հավաքվի ու հացը սկսի արտադրել: Ես վստահեցի նրան և արագ ավարտում եմ գործարանի կառույցը, հունիսի 1-ին բացումն եմ անելու»:
Նա նաև նշեց, որ հացը չի արտահանի, բայց «պեչենիների» համար տարբեր երկրներից մեծ պատվեր ունի: Գործարանը կոչվելու է «Մեջիք Պրենտ»:
Լրագրողների հարցին՝ արդյոք ճի՞շտ են «Կալաչ» գործարանի սնանկացման և փակման մասին լուրերը, Ս. Համբարձումյանը պատասխանեց՝ սնանկացել է, բայց չի փակվել, այն դեռ գործում է.
««Կալաչը» պարտքեր չուներ, բայց «Արմաշ» ընկերության հետ խնդիր ունենք՝ ալյուր էինք գնում, և ալյուրը որդնած էին ուղարկել: Ես էլ այդ ալյուրը բարձեցի, տարա, լցրեցի իր գործարանում, պարկերը բացեցի, ասացի՝ չեմ վճարելու, որդնած ալյուր ինչո՞ւ ես ուղարկել: Նա էլ երևի թիկունք ուներ և այլն, փորձեց դատական կարգով լուծել՝ չկարողացավ, տվեց սնանկացման, ինքն է տվել ես չեմ տվել:
Ես էլ ասացի՝ տո՛ւր, ես պրոբլեմ չունեմ: Ամեն դեպքում ես խնդիր չունեմ, հիմա կա գործարանը, նորմալ վիճակում է, պարզապես կոնֆլիկտներ եղան, և ինքն իրեն չհարգեց, որովհետև կնոջ հետ էր խոսում: Այստեղ մեր տղամարդիկ չգիտեն՝ կանանց հետ ոնց վարվեն, ոնց խոսեն, դա է ամբողջ ցավը»: