
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ. «ՌԴ դատախազությունը չի հարգում ՀՀ տարածքային ամբողջականությունը»

Օրերս Ռուսաստանի Դաշնության դատախազությունը հայտարարեց, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը չի կարող հանձնվել հայկական կողմին՝ ելնելով Ռուսաստանի Սահմանադրության պահանջներից:
ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասն, իրոք, ասում է, որ ՌԴ քաղաքացին չի կարող Ռուսաստանի տարածքից էքստրադիցիայի ենթարկվել կամ հանձնվել այլ պետությանը:
ՀՀ Տարածք է
Թե 1995 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագիրը և թե դրան հաջորդող այլ համաձայնագրեր հստակ ենթադրում են, որ 102-րդ ռազմակայանը տեղակայված է Հայաստանի Հանրապետության տարածքում և որևէ տեղ որևէ նշում չկա այն մասին, որ ռազմակայանի տարածքը Ռուսաստանի Դաշնություն է:
Այսինքն` սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը ոչ թե Ռուսաստանի՝ այլ Հայաստանի տարածքում է. հետևաբար, ՌԴ սահմանադրության արգելքը չի տարածվում նրա վրա: Ավելին, ռուսական կողմի հայտարարությունը նշանակում է, որ Վալերիյ Պերմյակովն այժմ գտնվում է Ռուսաստանում…
Այսինքն, ըստ ՌԴ դատախազության, 102-րդ ռազմակայանի տարածքը Ռուսաստանի Դաշնության տարածք է: ՀՀ Սահմանադրությունն է գործում Քանի որ 102-րդ ռազմակայանի տարածքը ՀՀ տարածք է, ուստի` այդտեղ չի գործում Ռուսաստանի Սահմանադրությունը:
Ավելին, որևէ մի պայմանագրով կասկածի տակ չի դրվում այն հանգամանքը, որ ռազմակայանի տարածքում գործում է Հայաստանի Սահմանադրությունը: Սակայն այդ ռազմակայանի գործունեության հիմնական կարգավորումները տրվում են շուրջ տասը հայ-ռուսական միջպետական պայմանագրերով, որոնք գերակա են ՀՀ օրենսդրության նկատմամբ:
Այսինքն` Հայաստանի օրենքները ՌԴ ռազմակայանում գործում են մասնակի, սակայն ոչ մեկ չի չեղարկել այդ տարածքում ՀՀ Սահմանադրության ուժը: Ավելին, քանի որ Հայաստանի տարածքում ՀՀ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, հետևաբար որևէ կերպ դրա գործողության տարածքը չի կարող փոքրացվել և այն չի կարող «որոշ դեպքերում» չեղարկվել:
Դատարանները
«Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» նախկինում արդեն ներկայացրել է հայ-ռուսական պայմանագրերի այն դրույթները, որոնց համաձայն Պերյմակովը պետք է փոխանցվի Հայկական կողմին: Սակայն, այժմ հարկավոր է փաստել, որ ՌԴ դատախազության՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ուղարկված նամակով ռուսական կողմը
1. Չի հարգում հայ-ռուսական միջպետական պայմանագրերի պահանջները,
2. Չի հարգում ՀՀ տարածքային ամբողջականությունը:
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ