
Հունգարիայի խորհրդարանը 30 տարով գաղտնիացրել է Ռուսաստանի հետ ատոմային գործարքի մանրամասները

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Հունգարիայի խորհրդարանը երեկ որոշել է գաղտնիացնել Ռուսաստանի հետ ատոմային պայմանագրի մանրամասները: Օրինագծի օգտին արտահայտվել է 130 պատգամավոր, դեմ՝ 62-ը, իսկ 1 պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել:
Փաստաթղթի համաձայն՝ «Պակշ-2» նախագծի հետ կապված մանրամասները կգաղտնիացվեն 30 տարով: Ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում նաև սոցիալիստներն ու «կանաչները», արդեն իսկ հայտարարել են, որ օրենքը հակասում է երկրի սահմանադրությանը և նախագահ Յանոշ Ադերին խնդրել են այն ուղարկել Սահմանադրական դատարանի դիտարկմանը:
Ընդդիմությունը մտավախություն ունի, որ սահմանափակումները կհանգեցնեն կոռուպցիայի աճին, ինչպես նաև Ռուսաստանին հնարավորություն կտան ամրապնդելու իր դիրքը եվրոպական էներգոշուկայում:
«Պակշ-2» նախագիծը մեկնարկել է 2014 թվականի հունվարին, այն նախատեսում է Հունգարիայի միակ ատոմակայանի՝ «Պակշի» համար կառուցել 5-րդ և 6-րդ էներգոբլոկները, որոնց ընդհանուր հզորությունը կազմելու է 2400 գիգավատտ: Գործարքի արժեքը կազմում է ավելի քան 12 միլիարդ եվրո:
Նախագծի իրականացման համար Ռուսաստանը Հունգարիային կհատկացնի մինչև 10 միլիարդ եվրոյի վարկ: Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել են 2014 թվականի դեկտեմբերի 9-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանական The Financial Times թերթը գրել էր, որ ԵՄ-ը մտադիր է արգելափակել Ռուսաստանի ու Հունգարիայի միջև ատոմային գործարքը: