
ԵՄ-ը մտադիր է արգելափակել Ռուսաստանի ու Հունգարիայի միջև ատոմային գործարքը. The Financial Times

Բրիտանական The Financial Times թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ը կարող է վետո դնել Ռուսաստանի ու Հունգարիայի միջև գործարքի վրա՝ կապված «Պակշի» ատոմակայանի համար երկու էներգոբլոկ կառուցելու հետ: Այս մասին թերթին հայտնել են նրա աղբյուրները, որոնց հաղորդմամբ՝ ԵՄ-ը մտավախություն ունի, թե Բուդապեշտը կարող է արգելափակել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելը:
Թեև Եվրահանձնաժողովը չի առարկել Ռուսաստանի ու Հունգարիայի միջև ատոմային գործարքին, այդ պայմանագիրը լուրջ մտահոգություն է առաջացրել ԵՄ-ի վերահսկիչ մարմինների մոտ: Ներկա դրությամբ եվրոպական երկու գործակալություն ուսումնասիրում են ռուս-հունգարական համաձայնագիրը:
Դրանով հետաքրքրվում է նաև Եվրոպական հանձնաժողովը, որը ստուգում է առանց մրցույթ անցկացնելու «Ռոսատոմի» հետ գործարք կնքելու օրինականությունը: Բրյուսելում կարծում են, որ մրցույթ չանցկացնելը կապված է Մոսկվայի հետ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի սերտ կապերի հետ, ինչն էլ կարող է հանգեցնել նրան, որ Հունգարիան կխոչընդոտի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը: